Վիգեն Սարգսյան. Կարևոր է, որ գալիս ու համոզվում են, որ Հայաստանը ՏՏ ոլորտում լավ ներուժ ունի
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակն ի թիվս այլ բազմաթիվ նախաձեռնություների, միջոցառումների կոչված է ընդգծելու Հայաստանի համար ՏՏ ոլորտի կարևորությունը, այն ակնկալիքները, որ Հայաստանն ունի այդ ոլորտի առաջընթացի և զարգացման համատեքստում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, միջազգային մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Վիգեն Սարգսյանը:
«Մենք, իրոք, մեծ ուրախությամբ ենք արձանագրում՝ բազաթիվ քայլերը, որոնք ձեռնարկվում են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը խթնալու համար, տալիս են արդյունք: Տեսնում ենք կայուն աճ այս ոլորտում, մասնագիտական մեծ հետաքրքրություն այս ոլորտի նկատմամբ երիտասարդության շրջանում, այս ոլորտում կրթություն ստացած երիտասարդները հեշտությամբ գտնում են իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք, կարողանում են իրենց մասնագիտական աճն ապահովել, ներազդել Հայաստանի տնտեսական զարգացման և առաջընթացի վրա»,- ասաց նա:
Նշենք, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2015 թվականի մրցանակը շնորհվելու է «Կասպերսկի լաբորատորիա»-ի գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկուն:
«Այս տարիների ընթացքում սիլիկոնյան հովտի բավականին հայտնի լեգենդներ արդեն իսկ արժանացել են այս մրցանակին ու ժամանել են Հայաստան: Մրցանակաբաշխության իրականացման առումով կարևոր և պարտադիր կետ է՝ մրցանակակիրը պետք է պարտադիր ինքը ժամանի մի քանի օրով Հայաստան, ստանա մրցանակ, հանդիպի երկրի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նաև երիտասարդների հետ, մաստեր կլասներ վարի: Միայն այդ դեպքում ենք հանձնաժողովի որոշումն ուղարկում երկրի նախագահին՝ հաստատելու համար»,- ասաց ՀՀ նախագահի մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Նշենք, որ Եվգենի Կասպերսկին արդեն եղել է Հայաստանում, Երևանում գործում է «Կասպերսկու լաբորատորիայի» գրասենյակ:
«Այս այցից ակնկալում ենք, որ ավելի հանգամանորեն կծանոթանա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած մեր նվաճումներին, հանդիպումները նախագահի, վարչապետի, ոլորտի հանրության հետ կամրապնդի այն ցանկությունն ու կարծիքը, որ Հայաստանի հետ պետք է գործունեությունն ընդլայնի: Շահեկան կլինի մեզ համար նաև փորձի փոխանակման առումով»,- նշեց Հովիկ Մուսայելյանը:
Մրցանակաբաշխության հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ այս մրցանակաբաշխությունն ամրագրում է այն գաղափարը, որ Հայաստանը կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, նաև հնարավորություն է տալիս Հայաստան հրավիրել ոլորտի լավագույն մասնագետներին, ովքեր նաև իրենց փորձն են փոխանակում մեր մասնագետներին:
«Ամեն ինչ անում ենք՝ մեր երկրի անունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ավելի ճանաչելի դարձնելու համար»,- նշեց նա:
Ռ. Յիրիկյանի խոսքով, իրենց ընկերությունն արդեն տաս տարի է իրականացնում է սոցիալական պատասխանատվության քաղաքականություն, բազմաթիվ ոլորտներում մոտ 30 միլիարդ դրամի ներդրում է արել: Իսկ կոնկրետ այս ծրագրի շրջանակում ընկերությունը ներդրել է 120 միլիոն դրամ:
Վ. Սարգսյանն ասաց, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակը դրամային ֆոնդ չունի. «Սա ավելի շատ մեծարման մրցանակ է: Ուրախալի է, որ մեր մրցանակակիրներն ապացուցում են, որ այս մրցանակը ստեղծում է որոշակի կապ Հայաստանի հետ: Փայլուն օրինակ, նախորդ տարվա մրցանակակիր «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան Հայաստանից վերադառնալուց հետո ցանկություն է հայտնել Հայաստանի ՏՏ ոլորտի առաջընթացի համար իր ներդրումը բերել և մեկ միլիոն դոլար է նվիրաբերել Հայաստանի Ամերիկյան համալսարանին՝ ոլորտի ուսանողներին խթանալու, առաջընթացին աջակցելու համար:
2013 թվականի դափնեկիր Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն դոկտոր Ցուգիո Մակիմոտոն Հայաստանից վերադառնալուց հետո ճապոներեն գիրք գրեց՝ «Հայաստանը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր, փայլող սիլիկոնյան հովիտ Մերձավոր Արևելքում և Կովկասում» վերնագրով:
Սրանք հենց այն օրինակներն են, թե ինչպես է մրցանակաբաշխությունն օգնում աշխարհի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներին կապվել Հայաստանի հետ, ստեղծել պլատֆորմ, որտեղ կարող են իրենց ներդրում բերել Հայաստանի ՏՏ ոլորտի առաջընթացի համար»:
Վ. Սարգսյանի խոսքով, կարևոր է, որ գալիս ու համոզվում են, որ Հայաստանը ՏՏ ոլորտում լավ ներուժ ունի, տեսնում են այդ ոլորտի կողքին կանգնելու պետության պատրաստակամությունը, ոլորտում արձանագրած իրական հաջողություները, նվաճումները:
«Հետևաբար, եթե նույնիսկ անմիջապես և ուղիղ ներդրումների տեսքով չի լինում նրանց աջակցությունը, վստահ եմ, որ կան երևացող և չերևացող բազմաթիվ դրսևորումներ, այդ ընկերությունները սկսում են Հայաստանում ծրագրեր իրականացնել: Բազմաթիվ հաջողություններ, որոնք տեսնում ենք, այս կամ այն ձևով փողշաղկապված են այս մրցանակաբաշխության հետ: Չեմ գերագնահատի, եթե ասեմ, որ մենք ավելի մեծ արդյունքի ենք հասնել, քան կանխատեսել էինք դեռ առաջին փուլում»,- ասաց միջազգային մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Վիգեն Սարգսյանը:
Նախորդող հրապարակում՝
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2015 թ. մրցանակը շնորհվելու է Եվգենի Կասպերսկուն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան