Իրանում այսօր նշել են Միացյալ Նահանգների դեսպանության գրավման օրը
Իրանական «Ասիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ այսօր մայրաքաղաք Թեհրանում, ինչպես նաև Իրանի մյուս խոշոր քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր, որի ընթացքում հնչել են «Մա՛հ Ամերիկային», «Մա՛հ Սաուդյան Արաբիային» բովանդակությամբ կարգախոսներ:
Նշենք, որ 1979թ. նոյեմբերի 4-ին ԻԻՀ հիմնադիր Էմամ Խոմեյնիի կողմնակիցները գրավեցին Միացյալ Նահանգների դեսպանության շենքը՝ պատանդ վերցնելով դեսպանության 52 աշխատակիցների:
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին օրվա առթիվ ունեցած ելույթում հայտարարել է, որ երիտասարդները որոշիչ դերակատարություն են ունեցել իսլամական հեղափոխության գործում: Նրա խոսքով՝ եթե իսլամական հեղափոխության ժամանակ ժողովուրդը միասնությամբ ընդվզեց բռնապետության դեմ, ապա երկրորդ հեղափոխության ընթացքում (ԱՄՆ դեսպանության գրավումը) հայտարարեց էքսպանսիոնիզմի հանդեպ իր թշնամությունը:
Թեհրանում Միացյալ Նահանգների դեսպանությունը գրավելով՝ իրանցիները ԱՄՆ-ից պահանջում էին Մոհամմադ Ռեզա շահին հանձնել իրենց, որը մեկ օր առաջ բուժման նպատակով մեկնել էր Միացյալ Նահանգներ: Ամերիկացի դիվանագետները գերության մեջ մնացին 444 օր, նրանք 1981թ. հունվարի 20-ին՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության օրը, Վաշինգտոնում Ալժիրի դեսպանության միջնորդությամբ ազատ արձակվեցին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում