The Jerusalem Post. Իրանը Ադրբեջանի ու Իսրայելի համար դիտվում է որպես կենսական սպառնալիք
«Ադրբեջանն Իսրայելի գաղտնի բարեկամն է»,-այդ մասին իրանական «Խաբարօնլայն.իր» կայքի հաղորդմամբ՝ նշված է իսրայելական «The Jerusalem Post» պարբերականում թողարկված հոդվածում:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ իսրայելական «Begin-Sadat» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ալեքսանդր Մորիսոնը, անդրադառնալով Իսրայել-Ադրբեջան ռազմավարական հարաբերություններին, մասնավորապես նշում է. «Ադրբեջանական Հանրապետության հարավային սահմաններն Իրանի համար մեծ կարևորություն ունեն, չնայած, որ թե՛ Իրանի և թե՛ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը շիա է, այդ երկրներն այդքան էլ լավ հարաբերություններ չունեն: Իրանի ԱԳ նախարարությունն Ադրբեջանին մեղադրում է Իսրայելի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ»:
Անդրադառնալով էներգետիկ և ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությանը, հոդվածի հեղինակը, հավելում է. «Իսրայելն ու Ադրբեջանը բնական դաշնակիցներ են, քանի որ, ինչպես Իսրայելը, այնպես էլ Ադրբեջանը Իրանին համարում են կենսական սպառնալիք: Բացի այդ՝ Իսրայելն Ադրբեջանի նավթի հիմնական գնորդներից է, միևնույն ժամանակ Թել Ավիվն իր հերթին Ադրբեջանին է վաճառում ժամանակակից սպառազինություն: Հաշվի առնելով Ադրբեջանի՝ Իրանին սահմանակից լինելու հանգամանքը՝ Իսրայելն Ադրբեջանի տարածքը համարում են անվտանգ վայր, որտեղ Իրանի վրա հնարավոր ռազմական հարձակման դեպքում կարող են վառելիքով լիցքավորել իրենց կործանիչները»:
«Begin-Sadat» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետը, անդրադառնալով Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների հեռանկարին, հավելում է. «Երկկողմ սերտ հարաբերոթյուններն այնքան ժամանակ կպահպանվեն, քանի դեռ Իսրայելը Հայոց ցեղասպանության հարցում լռություն կպահպանի, քանի որ Իսրայելի կողմից նման դիրքորոշման փոփոխությունը Բաքվին կհեռացնի Թել Ավիվից»: