ԵԽԽՎ հանձնաժողովը հավանության արժանացրեց Ղարաբաղի վերաբերյալ Ուոլտերի խայտառակ զեկույցը
Այսօր Փարիզում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցը։ Զեկուցող, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը ներկայացրել էր արդեն «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրված զեկույցի նախագիծը, որը հավանության է արժանացել հանձնաժողովում և այն կներկայացվի 2016թ․-ի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկմանը։
ԵԽԽՎ Քաղաքական հարցերի հանձնաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը Փարիզից Panorama.am-ին ասաց, որ այս որոշումը ՀՀ պատվիարկության անդամների համար զարմանալի չէր, քանի որ ի սկզբանե հայկական պատվիրակությունն իր մտահոգությունը հայտնել էր այն առումով, որ զեկույցը Բաքվի կողմից է ուղղորդված։
«Այսօր մենք հերթական անգամ համոզվեցինք դրանում։ Ադրբեջանին ձեռնատու զեկուցողն ամեն ինչ արեց, որ իր պատվերը կատարի և ավարտին հասցնի ինքնուրույն, քանի որ նոյեմբերի 7-ին ավարտվում է պարոն Ուոլտերի՝ ԵԽԽՎ-ում մանդատի ժամկետը։ Զեկույցի բառապաշարը՝ սկզբից մինչև վերջ, արտացոլում է այս տարիների ընթացքում Ադրբեջանի տարբեր պատվիրակների ելույթները և Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումները»,- ասաց Նաիրա Կարապետյանը՝ հավելելով, որ այս ողջ մեկ տարվա ընթացքում հայկական կողմի և՛ կոշտ, և՛ կառուցողական առաջարկները զեկուցողը մերժել է։
Պատգամավորի փոխանցմամբ, հանձնաժողովի նիստում եվրոպացի պատգամավորների տրամաբանական և բանական առաջարկները, որ զեկույցը տվյալ տեսքով միակողմանի է գոնե միայն այն պատճառով, այն չի ներկայացնում հայկական կողմի կարծիքը, և այդ պատճառով պետք է զեկույցի քննարկումները հետաձգել և այն մեկ այլ զեկուցողի հանձնել, մերժվել են՝ 24-ը 14-ի դեմ քվեարկությամբ։
Նախորդիվ՝
ԵԽԽՎ հերթական ամոթը. Ադրբեջանական լոբբիստը նշանակվեց ԼՂ զեկուցող
Ռոբերտ Ուոլտերն արդեն պատրաստել է ԼՂ վերաբերյալ զեկույցի նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան