«Վերադարձի կվինտետ» երաժշտախումբն առաջին անգամ կներկայանա հայ հանդիսատեսին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը վաղը տեղի կունենա «Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնի «Կամերային երաժշտության երեկո» խորագիրը կրող համերգը:
Փառատոնի կազմակերպիչները Panorama.am-ին տեղեկացրեցին, որ համերգի ընթացքում առաջին անգամ հայ երաժշտասերներին կներկայացվի «Վերադարձի» փառատոնի շրջանակներում ձևավորված «Վերադարձի կվինտետ» երաժշտախումբը՝ դաշնակահար Լիլիթ Գրիգորյան (Բելգիա), ջութակահար Դավիթ Հարությունյան (Ֆրանսիա), ալտահար Տոմոկո Ակասակա (Ճապոնիա), թավջութակահար Պոլին Բարտիսոլ (Ֆրանսիա), կոնտրաբասահար Բլանշ Ստրոմբոնի (Ֆրանսիա):
Միջազգային համբավ և ճանաչում վայելող երաժիշտները միավորվել են` ի կատար ածելով «Վերադարձի» փառատոնի ծրագրային դրույթներից մեկը` հայկական կատարողական դպրոցի առանցքի շուրջ միավորել տարբեր մշակույթների, կատարողական դպրոցների և ուղղությունների արվեստագետներին` միջմշակութային երկխոսության, փորձի փոխանակման, հագեցած ստեղծագործական աշխատանքի համար:
Համերգին հնչելու է Գ. Մալերի «Դաշնամուրային Կվարտետ, լյա մինոր», Ֆ. Մենդելսոն-Բարտոլդիի «Դաշնամուրային Տրիո N 2, դո մինոր, op. 66», Ֆ. Շուբերտի «Դաշնամուրային Կվինտետ, լյա մաժոր, op. 114» ստեղծագործությունները:
«Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնն այս տարի նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Այն կազմակերպվել է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո` «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից (նախագահ` Մարիամ Շահինյան, տնօրեն` Գարիկ Նազարյան) և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնի գլխավոր գործընկերն է: Փառատոնի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 19-ին, կշարունակվի մինչև նոյեմբերի 7-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա