Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ խորամանկ քաղաքականություն է վարում. FuW
Ռուսաստանը, շնորհիվ խորամանկ քաղաքականության, Հայաստանի և Ադրբեջանի հետ առևտուր է անում` նշանակալիորեն չփոփոխելով տարածաշրջանում առկա ռազմական հավասարակշռությունը: Այս եզրակացությունը հայտնել է Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի Ռազմական ակադեմիայի դոցենտ Մաուրո Մանտովանին` անդրադառնալով Ռուսաստանի կողմից զենքի և զինամթերքի արտահանման առանձնահատկություններին:
Շվեյցարական «Finanz und Wirtschaft» պարբերականում հրապարակված «Մոսկվայի` զենքի արտահանման քաղաքականությունը» հոդվածում ռազմական մասնագետը որպես Ռուսաստանի որդեգրած քաղաքականության բնորոշ օրինակ նշում է Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման հարցում Մոսկվայի դիրքորոշումը:
«Հատկապես հետաքրքրական է Ադրբեջանի և Հայաստանի օրինակը, որոնք գտնվում են հակամարտության մեջ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Այստեղ Ռուսաստանն աջակցում է երկու կողմերին էլ. իր դաշնակից Հայաստանին ապահովում է սպառազինությամբ, երաշխիքներով, ինչպես նաև` ռազմական ներկայությամբ, իսկ Ադրբեջանին` տանկերով և ՀՕՊ համակարգերով»,-նկատում է մասնագետը:
Սակայն Մանտովանին նկատում է, որ Ադրբեջանին մատակարարվող տանկերը Լեռնային Ղարաբաղի կտրտված և լեռնային տեղանքներում մեծ դեր չեն կարող խաղալ, իսկ ՀՕՊ օգտակարությունը ցածր է, քանի որ Հայաստանը չունի զգալի ռազմաօդային ուժեր:
Հրապարակված հոդվածում անդրադարձ է կատարվում Ռուսաստանի կողմից արտահանվող սպառազինության հիմնական շուկաներին` Չինաստան, Հնդկաստան, Հարավային Կովկաս, Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Լատինական Ամերիկա և այլն: