Արտաքին պարտքի հետ կապված դեֆոլտի ռիսկեր չկան. Պավել Սաֆարյան
Արտաքին պարտքի հետ կապված դեֆոլտի ռիսկեր չկան: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը՝ պատասխանելով պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին, թե արդյոք չեն վախենում, որ երկիրը կարող է դեֆոլտի առաջ հայտնվել, քանի որ Հայաստանի արտաքին պարտքն արդեն գերազանցում է 5 մլրդ 600 մլն դոլարը, ինչը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 50%-ը:
«Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում կառավարությունը և ինչպե՞ս եք պատկերացնում մեր երկրի վիճակը 2016թ-ին, քանի որ ներդրումների խնդիր կա: Վստահ եմ, որ նորից պարտքեր եք վերցնելու և ի՞նչ կերպ ենք պահելու այդ 50%-ի շեմը, որպեսզի դեֆոլտի առաջ չկանգնենք»,- ասաց Լ.Սարգսյանը:
Պ.Սաֆարյանը պատգամավորին նախ առաջարկեց դեֆոլտ բառը շատ չօգտագործել, քանի որ դեֆոլտի մասին խոսում են այն ժամանակ, երբ պետությունը ֆինանսական հնարավորություններ չունի ինչպես վարկերի մարման, այնպես էլ տոկոսների վճարման առումով:
«Չկա որևէ վարկ, որի վերաբերյալ ունենք պարտավորություն և դա բյուջեում արտացոլված չէ: Ուստի 2016թ-ի բյուջեում դեֆոլտի մասին խոսելը շատ հեռու է իրականությունից»,- նշեց փոխնախարարը:
Նրա խոսքերով՝ հաջորդ տարի նույնպես շարունակելու են վարկային միջոցներ ներգրավել:
«Այո, արտաքին պարտքի հարցը ֆինանսական կառավարման տեսակետից կարևորագույն հարցերից մեկն է: Բայց մենք գտնվում ենք մի փուլում, որ ավելի շատ պետք է մտածենք, թե ինչքանով են այդ գումարները նպաստում տնտեսության զարգացմանը, ինչքան աճ են ապահովում, ինչքանով են դրանք արդյունավետ օգտագործվում: Այդ հարցերն են կարևոր»,- ընդգծեց Պ.Սաֆարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում