ԼՂ, Հայաստան-Թուրքիա հիմնահարցերը՝ ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստում
Հայաստանը կարևորում է էլ ավելի կառուցողական և փոխհամագործակցված աշխատանքների իրականացումը ԵՄ հետ: Այսօր Երևանում մեկնարկած ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 16-րդ նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նշենք, որ նիստի համանախագահներն էին հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, եվրոպական կողմից՝ արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:
Կ. Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում կողմերը կքննարկեն ՀՀ-ԵՄ համագործակցության ապագա համաձայնագրին, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերություններին և երկրների տնտեսական զարգացումներին առնչվող հարցեր:
Օրակարգում ներառված կլինեն նաև արդարադատության, ազատության և անվտանգության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հարցեր: