Պաշտպանական կողմը բողոքներ չունի Սմբատ Հակոբյանի և Ռուբեն Հայրապետյանի առերեսման վերաբերյալ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի առերեսումը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին, անցել է շատ նորմալ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Սմբատ Հակոբյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, որը գործում ներգրավել է միայն երեկ:
«Նախաքննությունից իմ գոհ կամ դժգոհ լինելը կերևա իմ արած միջնորդություններից, բողոքներից: Երեկվա գործողության հետ կապված որևէ դժգոհություն չունենք, անցել է շատ նորմալ պայմաններում: Քննիչը բարձր մակարդակով քննչական գործողություններ է կատարել, և մենք երեկվա գործողության հետ կապված որևէ միջնորդություն կամ որևէ բողոք նախաքննական մարմնին չենք ներկայացնելու», -փոխանցեց Հակոբյանի ներկայացուցիչը:
Նա ասաց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով որևէ տվյալ չի կարող փոխանցել առերեսումից: Բայց նախաքննական մարմինը կողմերի միջև առերեսում է կատարել, քանի որ նրանց ցուցմունքներում եղել են «էական հակասություններ»:
«Եթե չլինեին էական հակասություններ առերեսում չէր անցկացվի», -հավելեց Խաչատրյանը:
Նրա խոսքով, դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն, Սմբատ Հակոբյանին պատճառվել է ծանր մարմնական վնասվածք:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում երթի ժամանակ բռնություն են գործադրել ազատամարտիկի նկատմամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնաս: Ինքը՝ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հայտարարել էր, որ իր նկատմամբ կիրառված բռնություն քաղաքական հաշվեհարդար է:
Այս քրեական գործի շրջանակներում Երևանի բնակիչներ Հ. Պետրոսյանին, Ա. Սարգսյանին և Ա. Գրիգորյանին սեպտեմբերի 26-ին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կազմում, դիտավորությամբ Ս.Հակոբյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` «մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»։
Ազատամարտիկը հայտարարել էր, որ այս ամենի հետևում կանգնած է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, սակայն վերջինը Panorama.am-ի հետ զրույցում հերքել էր իր մասնակցությունը միջադեպին:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Սա քաղաքական հաշվեհարդար է, որի նախաձեռնողը Ռուբեն Հայրապետյանն էր. Ազատամարտիկն իրեն ծեծելու մասին
Ամեն հոգեկան հիվանդի հայտարարություններին հո չե՞մ անդրադառնալու. Ռուբեն Հայրապետյան
Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան