Նալբանդյան գյուղի դպրոցականները վերակառուցված դպրոց կունենան
Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի միջնակարգ դպրոցը հիմնանորոգվում է «Հայաստան» հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի բարերարներ տեր և տիկին Արմեն և Պերճուհի Նալպանտեանների հովանավորությամբ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ արդեն ավարտվել է երեք մասնաշենքից բաղկացած եռահարկ կառույցի /3200 քմ/ 2-րդ և 3-րդ մասնաշենքերի նորոգումը: Վերակառուցման և նորոգման արդյունքում մասնաշենքերն ուժեղացվել են, վերակառուցվել է ինժեներական ներքին ցանցը, այդ թվում` էլեկտրական, ջրամատակարարման և ջեռուցման համակարգերը, կառուցվել են գրանիտե և լամինատե հատակներ: Նախկինում երկու մասնաշենքերին սպասարկող մեկ սանհանգույցի փոխարեն կառուցվել է ընդհանուր թվով վեց սանհանգույց: Կրթօջախի 600 աշակերտները դասերն անցկացնում են արդեն նորոգ մասնաշենքերում: Ներկայումս ուժեղացվում և հիմնանորոգվում է 1-ին` գլխավոր մասնաշենքը: Սկսվել է մարզադահլիճի կառուցումը, որի բացակայությունը մեծ բաց էր նման խոշոր կրթօջախի համար: Գլխավոր մասնաշենքի և մարզադահլիճի պատրաստ լինելուն պես դպրոցը կկահավորվի և կապահովվի անհրաժեշտ սպորտային գույքով:
Գյուղապետ Գրիգոր Մկրտչյանը նշում է, որ գյուղի դպրոցականներին ու ուսուցիչներին բարենորոգ ու հարմարավետ պայմաններ պարգևելուց բացի, դպրոցի վերակառուցումն այս տաս ամիսների ընթացքում ամիսը միջին հաշվով 30 բանվորի ապահովել է աշխատանքով ու եկամտով:
Գյուղացիներն ուրախությամբ ասում են, որ արագիլներն անգամ ողջունում են դպրոցին նոր կյանք տալու այս ձեռնարկը. տարիների ընթացքում առաջին անգամ նրանք բույն էին դրել դպրոցի տանիքի չորս անկյուններում: