Մգեցված ապակիներն արգելելու համար օրենսդրական հիմք չկա. Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մեքենաների մգեցված ապակիների մասին Ճանապարհային ոստիկանության հայտարարությունից հետո ուսումնասիրել է իրավական դաշտը և պարզել, որ արգելելու համար իրավական հիմքեր չկան:
Հիշեցնենք` օրերս Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որի համաձայն, ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց (հատկապես՝ վրաերթերի) մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգեցված թաղանթով): ՃՈ-ն հորդորել էր վարորդներին հետևել Կառավարության համապատասխան որոշմանը, որով հաստատվել է «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը» և որի համաձայն, տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների (հետևի դռների ապակիներ և հետևի դիտապակի) լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը մատնանշեց Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը, որի համաձայն ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոց վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Ավելին, նույն օրենսգրքով, ապակիների և հատկապես արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Զոհրաբյանի խոսքով, Ճանապարհային ոստիկանությունը հղում է անում 2005-ի փետրվարի 24-ին ընդունված կառավարության համապատասխան որոշմամբ հատատված կանոնակարգին, մինչդեռ նույն կանոնակարգի 48-րդ կետում ասվում է, որ ապակիների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Համապատասխանության գնահատման մասին օրենքը: Սակայն, ամենահետաքրքիրն այն է, որ ըստ Զոհրաբյանի, այս օրենքի 7 գլուխներից միայն մեկն է գործում` 4-րդ գլուխը և այն էլ կարգավորում է ոչ թե ճանապարհային, այլ գյուղատնտեսական ոլորտը:
«Այդ օրենքի գործող գլուխը կարգավորում է գյուղատնտեսական ոլորտում իրավահարաբերությունները: Այս օրենքը չի կարող կարգավորել մեքենաների ապակիների թափանցելիության հետ կապված հարցերը: Այսինքն` օրենքի խնդիր կա», -հավելեց Փաստաբանների պալատի նախագահը` նկատելով, որ նոր օրենք մշակելու և ընդունելու խնդիր կա:
Նա ասաց, որ հասկանալի է` ոստիկանությունը փորձում է մարդկանց անվտանգության մասին մտածել և այդ ուղղությամբ էլ քայլեր ձեռնարկում է:
«Բայց նույնիսկ այդ նպատակով շարժվելու համար օրենքով նախատեսված է պետք է լինի ընթացակարգ: Մի շարք հարցեր կարող են ծագել մեքենայի ապակիները ստուգելու ժամանակ. միգուցե ապակիները կեղտոտ են, ինչպես են չափելու, անգամ եթե նույնիսկ գործիքը կա, ապա դա պետք է օրենքով նախատեսված լինի», -նկատեց Արա Զոհրաբյանը:
Հակառակ դեպքում, ըստ Փաստաբանների պալատի նախագահի, ոստիկանության կողմից ձեռնարկվող գործընթացը ապօրինի կլինի ու չի կարող ծառայել իրական նպատակին:
Թեմային առնչվող հրապարակումներ`
ՃՈ-ն մեքենաների ապակիների մգեցվածության աստիճանը ստուգելու սարքեր դեռ չունի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները