ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 24 միլիոն եվրո դրամաշնորհ
Եվրամիությունից 2016 թվականին Հայաստանին կտրամադրվի 24 միլիոն եվրո դրամաշնորհ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը՝ Եվրոպական ինտեգրման և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
Նրա խոսքերով՝ 24 միլիոն եվրոն կտրամադրվի երեք տարբեր ծրագրերի համար: Մասնավորապես, աջակցություն ՀՀ կառավարությանը` Ասոցացման համաձայնագրի գծով նախապատրաստական աշխատանքների և 2-րդ փուլի ֆինանսավորման համար նախատեսվում է ստանալ 7 միլիոն եվրո: «Սակայն այս ծրագրի ընդհանուր արժեքը 21 միլիոն եվրո է: Առաջին 7 մլն տրանշը ստանալու ենք 2016 թվականի երկրորդ եռամսյակում, որն արտացոլված է բյուջեի նախագծում, իսկ մյուս մասնաբաժինը՝ 7.8 միլիոն եվրոյի չափով մենք ստանալու ենք 2017 թվականի երկրորդ եռամսյակում»,- ասաց նա:
Նշվեց նաև, որ գումարներ կտրամադրվեն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար։ ՀՀ-ն կստանա 10 մլն եվրո. այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 29 մլն եվրո է, որից 25 մլն-ը բյուջետային աջակցություն է, իսկ 4՝ մլն-ը տեխնիկական։
Երրորդը գյուղատնտեսական ոլորտն է և կտրամադրվի 25 մլն եվրո, որից 20 մլն-ը բյուջետային աջակցություն է, իսկ մնացածը՝ տեխնիկական: «Առաջին հաստատական մասնաբաժինը՝ 6 մլն եվրո, անկնալվում է ստանալ մինչև այս տարվա վերջ, երկրորդ՝ փոփոխական մասնաբաժինը՝ 7 մլն եվրո, նախատեսվում է ստանալ 2016 թվականի 2-րդ եռամսյակում, իսկ հաջորդը` 2017 թվականի երկրորդ եռամսյակում»,- ասաց փոխնախարարը: