Պարտքային բեռ ունենում են աշխարհի անգամ զարգացած երկրները. Կարեն Ճշմարիտյան
«Արտաքին պարտքի ծավալները հաշվարկվում են, թե ինչքանով է այն տնտեսագիտական առումով մեծ կամ փոքր ու սա ավելի շատ կապված է տնտեսության արդյունավետությունից»,- այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կառավարության համար մտահոգիչ չէ արտաքին պարտքի ավելացումը:
«Այսինքն, եթե կարողանում ես սպասարկել այդ վարկերը, վատ ազդեցություն չի ունենա, հատկապես, որ վարկերն այսօր վերցնում ենք օրինակ 10 տարի ժամկետով, ապա որպես պարտք այն հաշվարկվում է 10 տարի հետո»,-բացատրեց Կ.Ճշմարիտյանը:
Դիտարկմանը, թե ՀՆԱ-ն դոլարով հաշվարկելու դեպքում նվազել է, իսկ արտաքին պարտքը արտարժույթով է, ինչը ցույց է տալիս, որ ՀՆԱ/արտաքին պարտք հարաբերակցությունը գնալով վատանում է, իսկ արդյունաբերությունը չի զարգանում, Կ.Ճշմարիտյանը պատասխանեց. «Միայն արդյունաբերությունով չի, ընդհանուր տնտեսության խնդիր է: Այս տարի արդյունաբերության աճը, եթե համեմատեք մնացած երկրների հետ, ապա կտեսնենք, որ մեր ցուցանիշները լավագույնն են և՛ տնտեսական աճի, և՛ արդյունաբերության, և՛ գյուղատնտեսության իմաստով: Այստեղ երկար վերլուծության խնդիր կա: Պարտքային բեռ ունենում են աշխարհի անգամ զարգացած երկրները»:
Անդրադառնալով ակցիզային հարկի փոփոխությանը, որը կատարվեց ԵՏՄ օրենսդրության հետ ներդաշնակեցնելու համար, Կ.Ճշմարիտյանն ասաց, որոշակի համամասնություններ կան, որոնք պետք է պահպանվեն, իսկ ներդաշնակեցումը դեռ չի նշանակում նույնականացում:
Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չի ներդաշնակեցվում, օրինակ, ավելացված արժեքի հարկը, որը Հայաստանում բարձր է, քան ԵՏՄ մյուս երկրներում, Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ դա ներքին հարկ է և որևէ կապ չունի ԵՏՄ-ի հետ:
Դիտարկմանը, թե ռուս գործարարները վճարում են 13%, իսկ հայ գործարարները՝ 20%, ինչը մրցակցության խնդիր է առաջացնում հայ գործարարների համար, նախարարը պատասխանեց. «Մենք էլ արտահանելուց 20% ենք ստանում, իրենք՝ 10%: Սա առանձին հաշվարկի խնդիր է»: