Արմեն Մուրադյանը մանրամասներ է հայտնում վթարից տուժածների մասին
Տուլայում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած հիվանդներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ նրանք բազմաթիվ վնասվածքներ ունեն:
Նախարարը նշեց նաև, որ նրանցից մեկին երեկ երեկոյան բարեհաջող վիրահատել են: «
Ծայրահեղ ծանր հիվանդների մոտ կյանքին սպառնացող վտանգը մշտապես կա»,- նշեց Ա.Մուրադյանը՝ հիշեցնելով, որ նրանք բուժում են ստանում Տուլայի հիվանդանոցում:
Հարցին, հնարավո՞ր է նրանք այլ հիվանդանոց տեղափոխվեն, նախարարը պատասխանեց. «Մեկ հիվանդ արդեն ուղղաթիռով տեղափոխվել է այլ հիվանդանոց, իսկ ծայրահեղ ծանր երկու հիվանդների մասով կարող եմ ասել, որ տեղափոխումը շատ մեծ ռիսկերի հետ է կապված: Այդ պատճառով բժիշկները բոլոր անհրաժեշտ սարքավորումներով ժամանել էին հենց Տուլայի հիվանդանոց, որպեսզի տեղում կազմակերպեն բուժումը՝ հաշվի առնելով, որ ոսկրային համակարգի շատ լուրջ խնդիրներ կային: Մեկ հիվանդի մոտ 4 տեղից կոնքի ոսկորներն են կոտրված, ձախից և աջից համապատասխանաբար՝ 9 և 12 կողերն են կոտրված, անրակներն են կոտրված: Եվ երեկ երեկոյան բժշկական կոնսիլիումից հետո որոշում կայացվեց, որ այդ հիվանդները կմնան Տուլայում և հենց տեղում կստանան բուժում: Իրականում նրանց վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն բժիշկները շարունակում են պայքարել: Պետք է հույսով լինենք»,- ասաց նախարարը:
Ա.Մուրադյանը նաև հայտնեց, որ ռուս բժիշկները մինչ իրենց ժամանելը ոչ պակաս մարդասիրությամբ և գթասրտությամբ կազմակերպել են հիվանդների բուժման գործընթացը, իսկ ամբողջ այդ գործընթացը հսկվել է ՌԴ առողջապահության նախարարի կողմից:
«Ես ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ինչպես առողջապահական մարմիններին, այնպես էլ իշխանություններին, որոնք կարողացել էին ամեն ինչ կազմակերպել ամենաբարձր մակարդակով: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև հայ համայնքին, որը իր օժանդակությամբ և հոգատարությամբ կարողացել է լրացնել առաջին ժամերին ստեղծված բացերը»,- հավելեց Արմեն Մուրադյանը:
Նախարարը նաև ասաց, որ ՌԴ-ում վթարից տուժած հիվանդների բուժման ողջ ծախսերը հոգում է ՌԴ առողջապահության նախարարությունը, իսկ Հայաստանում՝ ՀՀ առողջապահության նախարարությունը:
Նշենք, որ վթարից տուժածներից, առավոտյան 10-ի դրությամբ, 5-ն են բուժում ստանում ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, իսկ Տուլայի բժշկական հաստատություններում բուժումը շարունակում են 12 վիրավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա