Արդարադատության փոխնարարն առաջարկում է ընդհանուր իրավասության 4 դատարաններում ավելացնել դատավորների թիվը
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկել և դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է ավելացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, ինչպես նաև՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թվակազմը:
Հիմնավորելով առաջարկվող փոփոխությունները՝ Ա. Մկրտչյանը նշել է, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների, ինչպես նաև Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թվաքանակի ավելացումը պայմանավորված է դատավորների գերծանրաբեռնվածությամբ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, փոխնախարարը տեղեկացրել է, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կա քրեական մասնագիտացում ունեցող դատավորի 3 հաստիք, որոնցից յուրաքանչյուրի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը 2013 և 2014 թվականներին կազմել է շուրջ 80-90 քրեական գործ: Նմանատիպ խնդիր կա նաև Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այստեղ կա քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորի 3 հաստիք, որոնցից յուրաքանչյուրի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը 2013 և 2014 թվականներին կազմել է շուրջ 900-1700 քաղաքացիական գործ:
Նշվում է, որ ներկայացված նախագծով նախատեսվող փոփոխությունների արդյունքում էականորեն կթեթևանա Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, ինչպես նաև Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի գործերը ողջամիտ ժամկետում քննելուն:
Նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան