Դավիթ Բաբայան. Զեկույցից ադրբեջանական խավիարի, նավթի հոտ է գալիս
«ԵԽԽՎ-ն կամաց-կամաց վերածվել է Բաքվի շուկաների տաղավարի, որտեղ կարելի է առևտուր անել, հնարավոր է գնել նման փաստաթուղթ, որը հարված է ինքնին եվրոպական արժեքներին: Սրանից ենք մենք վրդովվում, քանի որ Արցախը ժողովրդավարությունը դիտարկում է կարևորագույն սկզբունք»,- «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, ով քննարկմանը միացել էր տեսակապի միջոցով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստում հավանության է արժանացել «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրված զեկույցի նախագիծը, որը ներկայացրել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը: Այն կներկայացվի 2016թ-ի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկմանը։
Ըստ նրա, պարզ է, որ ադրբեջանական զեկույց է, Ռոբերտ Ուոլտերը պարզապես դրել է իր ստորագրությունը:
«Զեկույցից ադրբեջանական խավիարի, նավթի հոտ է գալիս: Բնական է, որ մենք չէինք կարող նման փաստաթղթերի շրջանակում որևէ քննարկում ունենալ: Ադրբեջանի կողմից նման պահվածը սպասելի էր, սակայն մեզ համար տհաճ է, որ ԵԽԽՎ-ի պես կազմակերպությունում նման կոռուպցիոն գործընթացներ են ներթափանցում»,- ասաց Դ. Բաբայանը:
Նրա խոսքով, իրենք տեղյակ էին, որ նման զեկույց է կազմվում, պաշտոնական Ստեփանակերտը մի քանի անգամ հայտարարել էր, որ պատրաստ է համագործակցել ցանկացած զեկույցի կազմման աշխատանքներին, բայց այդ ամենը պետք է լինի ողջամիտ, օբյեկտիվ:
«Զեկույցն ի սկզբանե պատրաստվել է Ադրեջանի կամ արտգործնախարարությունում, կամ նախագահականում: Բնական է, որ մենք չէինք կարող ընդունել նման փաստաթղթի շրջանակում որևէ փոխգործակցություն, թեև բազմիցս մեսիջներ ենք ուղարկել՝ վերանայեք զեկույցի փիլիսոփայությունը, փոխեք բովանդակությունը, մենք կաջակցենք: Սակայն որևէ բան չփոխվեց»,- ասաց Դ. Բաբայանը:
Նա նաև նշեց, որ Ռոբերտ Ուոլտերի կինը ազգությամբ թուրք է, բիզնես շահեր ունի Ադրբեջանում, իսկ Ռոբերտ Ուոլտերն էլ ցանկացել է կենսաթոշակային ժամանակահատվածում ավելի բարեկեցիկ դարձնել իր կյանքը:
Միաժամանակ Դ.Բաբայանը նշեց, որ հայկական կողմը երկու ճակատում՝ արցախյան հիմնախնդիր, Հայոց ցեղասպանության ճանաչում, պետք է լինի համախմբած, գործի մեկ ճակատով. «Եթե սա ապահովենք, նման հարյուրավոր փաստաթղթեր որևէ նշանակություն չեն ունենա: Եթե տեսնում են միասնական ենք, հասկանում են, որ նման մեխանիզմներով հարց չի լուծվում: Կրկնում եմ, որ այս փաստաթուղթը որևէ նշանակություն չի ունենալու, արխիվում թաղված է լինելու, ինչպես նման մի քանի փաստաթուղթ»:
Նախորդող հրապարակումներ՝
ԵԽԽՎ հանձնաժողովը հավանության արժանացրեց Ղարաբաղի վերաբերյալ Ուոլտերի խայտառակ զեկույցը
ԵԽԽՎ հերթական ամոթը. Ադրբեջանական լոբբիստը նշանակվեց ԼՂ զեկուցող
Ռոբերտ Ուոլտերն արդեն պատրաստել է ԼՂ վերաբերյալ զեկույցի նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան