Ընդդիմության վարքագիծը Դավիթ Հարությունյանին հիստերիկ կնոջ պահվածք է հիշեցրել
Սահմանադրական բարեփոխումների գործընթացը թափանցիկ է եղել, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները բաց, ընդունված բոլոր որոշումները` հրապարակային, և հասարակության որոշ հատված ակտիվորեն արձագանքել է դրանց: Այդ մասին այսօր Սահմանադրության փոփոխությունների նախագծի կառավարման ձևի և ընտրական համակարգի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որը եղել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներից մեկը:
Անդրադառնալով հանրության այն հատվածին, որն ի սկզբանե հետաքրքրություն չի ցուցաբերել, բայց սկսել է քննադատել նախագիծը և բարեփոխումները, Հարությունյանը մի հայտնի պատմություն հիշեց. «Երբ առաջին շոգեքարշը ԱՄՆ-ում փորձարկում էին, մի հիստերիկ կին կայարանում կանգնած գոռում էր` չի շարժվի տեղից, բայց երբ շարժվեց, սկսեց գոռալ` չի կանգնի: Եթե դուք հետևեիք, կտեսնեիք` ինչ քննադատություն էր սկզբում և ինչ քննադատություն է հիմա և դրանք միանգամայն տարբեր են»:
Պատասխանելով դիտարկմանը, թե իշխանությունները հրատապ կերպով փորձում են սահմանադրական բարեփոխումներ անցկացնել, Հարությունյանն ասաց, որ ոչ մի հրատապություն էլ չի եղել և դեռևս 2013-ից են սկսվել բարեփոխումներին ուղղված աշխատանքները:
Նրա խոսքով, առաջին հայացքից թվում է, թե Նախագիծը «շատ պարզ» փաստաթուղթ է, բայց իրականում այն «խորն է»:
Թեմային առնչվող հրապարակում`
Հենց գործող համակարգն է հնարավորություն տալիս իշխող կուսակցության ղեկավարին չդառնալ երիտասարդ թոշակառու. Հարությունյան