«Հրաչյա Ներսիսյանի տաղանդը նման էր դիցաբանական ոսկե թռչունին». Հիշատակի օր
«Հրաչյա Ներսիսյանը բնության այն շնորհներից է, որ մարմնավորում է վեհ մարդկայնությունը, դերասանական տաղանդն ու խորաթափանց իմաստնությունը»,- տաղանդավոր դերսանին այսպես է բնութագրել նկարիչ Մարտիրոս Սարյանը:
Դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ներսիսյանը հայ թատրոնի խոշոր դեմքերից է. համամարդկային իդեալներով ներշնչված նրա արվեստը մեծ ավանդ ու խոր հետք է թողել թատրոնի և կինոյի պատմության մեջ:
Այսօր Հրաչյա Ներսիսյանի հիշատակի օրն է. մահացել է 1961 թվականի նոյեմբերի 6-ին Երևանում:
Հրաչյա Ներսիսյանը ծնվել է 1895թ.-ին, Կոստանդնուպոլսին մոտիկ Նիկոմեդիա փոքրիկ քաղաքում։ Հրաչյան սովորում է ֆրանսիական Սեն-Բարբ քոլեջում, ամերիկյան Ռոբերտ քոլեջում և հայկական Էսայան վարժարանում, բայց չի ավարտում դրանցից ոչ մեկը։ Այս անկանոն կրթությունը ապագա դերասանին տալիս է լեզուների իմացություն, ֆրանսիական և անգլիական հեղինակների երկերը բնագրով կարդալու հնարավորություն։
1915 թ.-ին Հրաչյան զինակոչվում է թուրքական բանակ իբրև թարգմանիչ, նույն թվականի ապրիլին էլ սկսվում է Մեծ եղեռնը։ Երեք տարի իբրև տաճկական զինվոր, պաշտոնով թարգմանիչ, Մերձավոր արևելքի և Միջագետքի երկրներում թափառող երիտասարդն իր մեջ կրում էր այդ խորին վիշտը։ Հրաչյան 1918 թ.-ին կրկին հայտնվում է Կոստանդնուպոլսում։ Ամեն ինչ, որ անում է երիտասարդը իր համար այնքան անհեռանկար միջավայրում, անում է ակամա, առանց որևէ նպատակի։
Բնատուր լավ ձայնի տեր, բնածին երաժշտական Հրաչյան հայտնվում է Պենկլյան օպերետում իբրև երգչախմբի շարքային մի անդամ։ Նույն թվականին Մկրտիչ Ջանանը կազմակերպում է հայ դրամատիկական ընկերություն և Հրաչյային հրապուրում իր նախաձեռնությամբ։ Թատրոնի ներկայացումներին, մեծամասամբ ֆրանսիական մելոդրամաների բեմադրություններին, մասնակցում է նաև Հրաչյան։ Հենց այստեղ էլ, 1919թ.-ին, «Ձայնը հնչեց» պիեսի մեջ խաղալիս երիտասարդը գրավում է Օվի Սևումյանին, ով Կոստանդնուպոլիս էր եկել երիտասարդ ուժեր հավաքելու և Կովկաս տանելու նպատակով։ Հրաչյան դերեր է ստանում Սևումյանի բեմադրություններում, բայց հաջորդ իսկ տարին Սևումյանը վախճանվում է։ Հայ թատրոնը կորցնում է իր ամենաառաջադեմ գործչին, Հրաչյան՝ ուսուցչին ու խորհրդատուին։ Հետո էլ նա խաղում է տարբեր ներկայացումներում, որ բեմադրվում են Վահրամ Փափազյանի և Հովհաննես Աբելյանի ղեկավարությամբ։ 1922 թ.-ին Վահրամ Փափազյանը Հրաչյային, Մկրտիչ Ջանանին և մի քանի այլ դերասանների ուղարկում է Կովկաս։ Մի որոշ ժամանակ նրանք շրջագայեցին Բաթումում և ուրիշ հայաշատ քաղաքներում, ապա առանց Հրաչյայի մեկնեցին Երևան և միացան Առաջին պետթատրոնի կազմին։ Հրաչյա Ներսիսյանը նրանց միացավ մեկ տարի անց։
1923 թ.-ից նա ընդմիշտ դառնում է Երևան քաղաքի բնակիչը, հայկական առաջին թատրոնի դերասանը։
1925թ.-ից ի վեր, երբ հայկական առաջին կինոյում՝ «Նամուսում» խաղաց Ռուստամի դերը, մինչը կյանքի վերջը, երբ 1961թ.-ին «Տժվժիկ» ֆիլմում խաղաց Ներսես աղբարի դերը, Ներսիսյանը պահպանեց հայկական կինոարվեստի առաջին դերասանի պատիվը, որովհետև պահպանեց բեմի ու էկրանի համար հավասար հաջողությամբ խաղալու հազվագյուտ կարողությունը։
1920-ական թվականների լավագույն կերպավորումներից են Խլեստակովը (Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»), Հայնրիխը (Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգ»), Անտոնիոն, Համլետը (Վ. Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Համլետ»), Ժադովը (Ալեքսանդր Օստրովսկու «Արդյունավետ պաշտոն»), Քեբոտը (Յուջին Օ՜ Նիլի «Սերը ծփիների տակ»), Բերսենևը (Բորիս Լավրենյովի «Բեկում») և այլն:
Ներսիսյանի դերասանական վարպետությունը 1930-ական թվականներին լիովին բացահայտվել է Ֆալստաֆի, Օթելլոյի (Վ. Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք», «Օթելլո»), Պլատոն Կրեչետի (Ալեքսանդր Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ»), Էլիզբարովի (Շիրվանզադեի «Պատվի համար») դերակատարումներով: Մարդկային հոգու խորքը թափանցելու նրա զարմանալի կարողությունն առավել արտահայտվել է Օթելլոյի անձնավորմամբ:
Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945 թթ.) տարիներին Ներսիսյանն անձնավորել է Գևորգ Մարզպետունու (Մուրացանի «Գևորգ Մարզպետունի»), Սաֆոնովի (Կոնստանտին Սիմոնովի «Ռուս մարդիկ») և հայրենասիրական այլ կերպարներ: 1940–50-ական թվականների լավագույն դերերից են Անհայտը (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»), Պրոտասովը (Լև Տոլստոյի «Կենդանի դիակ»), Լիրը (Վ. Շեքսպիրի «Լիր արքա») և այլն: Նրա գլուխգործոցներից է Պաղտասար աղբարի դերակատարումը (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»), որը բնութագրվել է՝ «լաց՝ ծիծաղի միջից»: Ներսիսյանի վերջին դերակատարումը թատրոնում Մեք Գրեգորն էր (Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»):
Նկարահանվել է շուրջ 30 ֆիլմում՝ Ռուստամ («Նամուս», 1925 թ.), Համբո («Գիքոր», 1934 թ.), Պեպո («Պեպո», 1935 թ.), Հակոբյան («Զանգեզուր», 1938 թ.), Դավիթ Բեկ («Դավիթ Բեկ»,1944 թ.), Էլիզբարով («Պատվի համար», 1956 թ.), Վարունց («Առաջին սիրո երգը», 1958 թ.), Ղամբարյան («Ինչո՞ւ է աղմկում գետը», 1958 թ.), Ներսես աղբար («Տժվժիկ», 1961 թ., վերջին դերը կինոյում) և այլն: Ներսիսյանն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1941 թ.):
«Նրա (Հ. Ներսիսյանի) տաղանդը նման էր դիցաբանական ոսկե թռչունին, որը, չնայած այրվում ու մոխրանում է, սակայն միշտ վերածնվում է սեփական մոխրից: Նա մեծ արտիստ էր»,- ասել է դերասան Վահրամ Փափազյանը: