Ֆրանսիական «Տանգո Կարբոնը»` Կամերային տանը
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը վաղը տեղի կունենա «Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնի եզրափակիչ համերգը, ելույթ է ունենալու ֆրանսիական «Տանգո Կարբոն» երաժշտախումբը: Այս մասին Panorama.Am-ին տեղեկացրեցին փառատոնի կազմակերպիչները:
Խումբը ձևավորվել է 2012-ին, երբ Փարիզի կոնսերվատորիայում ուսանած տաղանդաշատ երաժիշտներ Դավիթ Հարությունյանը /ջութակ/, Լուիզ Ժալյուն /բանդոնեոն/, Լեանդրո Լակապերը /դաշնամուր/ և Բլանշ Ստրոմբոնին /կոնտրաբաս/, տանգո երաժշտության նոր արտահայտչամիջոցների փնտրտուքով միավորվեցին` ստեղծելով կարճ ժամանակահատվածում լայն ճանաչման արժանացած անսամբլ:
Երաժիշտների արհեստավարժության շնորհիվ երաժշտախմբի երկացանկն արագորեն հարստացավ նոր և բազմազան ստեղծագործություններով, որը միավորում է ավանդական տանգոյի մասերը խնբի ինքնատիպ ստեղծագործությունների հետ:
Երկու տարի անց ելույթ ունենալով Ֆրանսիայում (Տրիտոնում, Պենիժ Օպերայում, Կոմեդիայի ազգային թատրոնում, Լա Մալինում) և ձայնագրելով իրենց առաջին ձայնասկավառակը` նրանց փորձը հնարավորություն տվեց ստեղծելու իրենց սեփական ոճը` համատեղելով դասական եւ ռոք երաժշտությունը, քնարականությունը, առնականությունը և հումորը:
«Տանգո Կարբոնը» բազմիցս հրավիրվել է ջազային փառատոների. վերջին նվաճումներից արժանահիշատակը 2015-ին Ուկրաինայում ելույթն էր Հերբի Հենքոկի, Ուայն Շորտերի և Ջորջ Բենսոնի հետ նույն բեմում:
«Տանգո Կարբոն» անսամբլը համերգին կներկայացնի համաշխարհային տանգոյի գլուխգործոցները:
«Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնն այս տարի նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Այն կազմակերպվել է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո` «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից (նախագահ` Մարիամ Շահինյան, տնօրեն` Գարիկ Նազարյան) և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնի գլխավոր գործընկերն է: Փառատոնի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 19-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա