Հոկտեմբերին սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում. ԱՎԾ
2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 1.6% գնանկումով: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.4%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների ու սակագների՝ համապատասխանաբար 1.0% և 0.1% հավելաճ:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2015թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.02% հավելաճ):
Իսկ 2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.9%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 99.4%, ոչ պարենային ապրանքներինը` 105.8%, ծառայությունների սակագներինը` 101.7%:
Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գները նվազել են 1.0-0.2%-ով, իսկ մեկում գրանցվել է 0.1% գնաճ: Մայրաքաղաքում սպառողական գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 0.4%-ով: