Կառավարությունն առաջարկում է 2018 թվականից կանխել նոր գերավճարների առաջացումը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերին հնարավորություն ընձեռել գործունեություն իրականացնել նաև ընտանեկան ձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հարկերի մասին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը քննարկելու ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:
Նախագծի նպատակն է տարանջատել սահմանամերձ համայնքներում արտադրական և առևտրային գործունեություն ծավալող ընկերություններին տրամադրվող արտոնությունները, մասնավորապես` արտադրական գործունեություն իրականացնող ընկերություններին արտադրության կազմակերպման և արտադրամասերի կառուցման համար ձեռք բերված ապրանքների համար ԱԱՀ-ի մասով արտոնություններ տրամադրել: Վերոնշյալ արտոնության սահմանումն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի սահմանամերձ համայնքներում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների համար:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և դրանով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը ևս քննարկվել է առաջին ընթերցումով: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ նախագծերի փաթեթով կարգավորվում և պարզեցվում է հարկ վճարողների կողմից պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների կատարման գործընթացը, կրճատվում են պետական բյուջեից հարկ վճարողների գումարների հետ վերադարձման ժամկետները, գումարների վերադարձման հետ կապված պահանջվող փաստաթղթերը, հստակեցվում են պարտավորությունների հաշվառման կարգն ու ժամկետները, նույնականացվում են հարկային հաշվարկների ներկայացման և հարկային պարտավորությունների վճարման ժամկետները՝ կրճատելով հարկ վճարողի բիզնես գործընթացների հետ կապված ժամանակատարությունը:
Առաջարկվում է հարկային պարտավորությունների վճարման համար ներկայումս գործող բազմաթիվ գանձապետական հաշիվների փոխարեն բացել մեկ գանձապետական հաշիվ: Օրենքն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից: Կառավարությունն առաջարկում է 2018 թվականից կանխել նոր գերավճարների առաջացումը, իսկ օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա գերավճարները հաշվառվելու են գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում:
Քննարկված հարցերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան