Քաղաքագետ. Համապատասխան մարմիններն անպատասխանատու վեաբերմունք են ցուցաբերել
«Ավելի խայտառակ փաստաթուղթ ես չեմ կարող պատկերացնել: Սա դիվանագիտական խայտառակություն է»,- «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Սուրեն Զոլյանը՝ խոսելով ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի կողմից հավանության արժանացած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցի նախագծի մասին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստում հավանության է արժանացել «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրված զեկույցի նախագիծը, որը ներկայացրել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը: Այն կներկայացվի 2016թ․-ի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկմանը։
Ըստ նրա, հայկական կողմի փաստաթղթի պատրաստմանը չմասնակցելը բերել է նրան, որ մի քանի ավելորդ կետեր են ավելացել փաստաթղթում. «Հայաստանին մեղադրանք է առաջադրվել, որ խոչընդոտել է զեկույցի պատրաստմանը, չի մասնակցել աշխատանքներին, բացասական վերաբերմունք ունի ԵԽԽՎ հանդեպ»:
«Իհարկե, այդ փաստաթուղթն իրավական ուժ չի ունենա, բայց ինչքան պարտություն պարտության հետևից: Ադրբեջանի դիրքերին այսօր բավականին անբարենպաստ են մարդու իրավունքների խնդրով պայմանավորված, որոնց մասին բարձրաձայնվում է: Ինչպե՞ս հնարավոր չեղավ նման պայմաններում գոնե նման ձևակերպումներից խուսափել: Սա խոսում է այն մասին, որ համապատասխան մարմիններն անպատասխանատու վեաբերմունք են ցուցաբերել»,- ասաց քաղաքագետը:
Սուրեն Զոլյանի խոսքով, այդ փաստաթուղթը կարող է բանակցային գործընթացի վրա ազդեցություն ունենալ, կամ չունենալ, կախված է նրանից, թե ինչ ընթացք կունենա: Նրա խոսքով, կարող է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա ազդեցություն ունենալ:
Քննարկմանը ներկա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը չհամաձայնվեց քաղաքագետի հետ, որ այս փաստաթուղը պարտություն է. «Դիվանագիտական պարտություն կլիներ, որ ամբողջ աշխարհը գար այստեղ ու բոլորիս ջարդուփշուր աներ, ասեր՝ չկա ոչ Հայաստան, ոչ Ղարաբաղ: Այս փաստաթուղթը դա է ասում: Սա կհամարեմ դիվանագիտական պարտություն, իսկ մնացածը ճանապարհ է, որ գնում ենք»:
Ըստ նրա, այստեղ խնդիրը համակարգ ձևավորելն է. «Ադրբեջանը ձևավորել է նման համակարգ, տարբեր պատգամավորներ կգան ու կգնան, բայց Ադրբեջանը մշակել է ազդելու մեխանիզմ, իսկ մենք չունենք նման մեխանիզմ, որը կարող է միշտ ազդել կամ հակակշռել: Թշնամին իր պայքարն է տանում, մենք էլ պետք է հասկանանք մեր պայքարում պաշտպանողական, հարձակողական ինչ մեխանիզմներ ունենք»:
Նախորդող հրապարակումներ՝
Հ. Մելիք-Շահնազարյան. Պրո-ադրբեջանական քարոզչական փաստաթուղթը կարելի է ուղղել հենց Ադրբեջանի դեմ
Այդ տեքստը չի դիմանա որևէ քննադատության. Թ.Պողոսյանը՝ ԼՂՀ վերաբերյալ զեկույցի նախագծի մասին
Դավիթ Բաբայան. Զեկույցից ադրբեջանական խավիարի, նավթի հոտ է գալիս
ԵԽԽՎ հանձնաժողովը հավանության արժանացրեց Ղարաբաղի վերաբերյալ Ուոլտերի խայտառակ զեկույցը
ԵԽԽՎ հերթական ամոթը. Ադրբեջանական լոբբիստը նշանակվեց ԼՂ զեկուցող
Ռոբերտ Ուոլտերն արդեն պատրաստել է ԼՂ վերաբերյալ զեկույցի նախագիծը