Լ. Ալավերդյան. ՌԴ-ն վերջապես հասկացել է, որ Հայաստան պետությունն ու հասարակությունն իր գրպանի մեջ չէ
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ողջունում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան:
«Ռուսաստանի գործողությունները ցույց են տալիս, որ հասկացել է, Հայաստան պետությունն ու հասարակությունն իր գրպանի մեջ չէ, պետք է աշխատել թե ամենաբարձր մակարդակով, թե հասարակության հետ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Լ. Ալավերդյանը դրական է համարում, որ վերջին շրջանում շատ են կազմակերպում հայ-ռուսական այցելություններ, համաժողովներ:
«Մինչ այս՝ քսան տարուց ավելի է, կարծես թե Ռուսաստանը համարում էր, որ սա է ու կա»,- նշեց նա:
Լ. Ալավերդյանը համոզված է, որ Ս. Լավրովի այցի ընթացքում քննարկվելու են տարբեր հարցեր՝ ոչ միայն ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող, այլ նաև տարածաշրջանային, Մերձավոր Արևելքին վերաբերող:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Երևանում ՌԴ ԱԳ նախարարին կընդունի է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, կայանալու են Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները: