Բանջարեղենի և կարտոֆիլի գնանկումով պայմանավորված նվազել են պարենային ապրանքների գները
2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ պարենային ապրանքների գների ընդհանուր մակարդակը նվազել է 1.6%-ով, ինչը մեծապես պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի՝ 10.7%, մրգի 6.7% գնանկումով:
Ինչպես տեղականում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 12.8%, իսկ 2015թ. սեպտեմբերի համեմատ` 10.7% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է ծաղկակաղամբի՝ 46.6%, կանաչ լոբու՝ 35.3%, կանաչ սոխի` 25.5%, կարտոֆիլի` 22.3%, բողկի՝ 15.1%, կաղամբի 11.3% գնանկումով:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գազարի գինը նվազել է 10.4%-ով, խառը կանաչեղենինը՝ 8.0%-ով, սմբուկինը` 7.0%-ով, ճակնդեղինը՝ 3.9%-ով, գլուխ սոխինը՝ 2.4%-ով: Միաժամա նակ, հանրապետությունում գրանցվել է սխտորի`1.1%, սնկի՝ 3.5%, վարունգի՝ 5.8%, լոլիկի՝ 9.6%, կանաչ պղպեղի 12.9% գնաճ:
Նշենք նաև, որ մրգի ապրանքախմբում 2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 10.3%, իսկ 2015թ. սեպտեմբերի համեմատ` 6.7% գնանկում:
2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արքայանարնջի գինը նվազել է 42.4%-ով, նռանը՝ 31.4%-ով, նարնջինը` 19.8%-ով, տանձինը՝ 17.6%-ով, խաղողինը՝17.2%-ով, կիտրոնինը՝ 15.7%-ով, խնձորինը՝ 9.6%-ով, ձմերուկինը՝ 7.3%-ով, ադամաթզինը՝ 0.2%-ով: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է սեխի՝ 5.9%, սալորի՝ 15.5%, դեղձի 33.4% գնաճ:
Վերոհիշյալ ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.99% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.87 տոկոսային կետով: