Տուլայի վթարի զոհերի թիվը հասավ 9-ի
Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա կինը, որն ուներ գլխուղեղի ծանր վնասվածք, նոյեմբերի 7-ի լուսադեմին մահացել է: Այս մասին հայտնեցին առողջպահության նախարարությունից:
Տուլայից ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի անդամ Գագիկ Միրիջանյանի փոխանցմամբ՝ վթարին հաջորդող երեք օրերի ընթացքում հիվանդի մոտ հինգ անգամ արձանագրվել էր սրտի կանգ: Կինը Ուզլովսկայա բժշկական կենտրոնում գտվում էր բժիշկների մշտական հսկողության ներքո, սակայան այսօր սրտի վեցերրորդ կանգի արձանագրման հետևանքով նրա կյանքը չհաջողվեց փրկել: Հիվանդն ուներ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:
Ուզլովսկայա բժշկական կենտրոնում բուժում ստացող երկու հիվանդներից մեկը, որն ունի ողնաշարի կոտրվածք ռեանիմոբիլով արդեն տեղափոխվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ:
Բազմաբեկորային կոտրվածքներ ունեցող մեկ այլ տուժածի առողջական վիճակը վիրահատությունից հետո կայունացել է: Նա ևս այսօր ուղղաթիռով կտեղափոխվի Մոսկվա:
Վթարի հետևանքով տուժած մյուս 9 հիվանդների առողջական վիճակը կայունացել է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին ՌԴ Տուլայի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, տուժել՝ 40-ը: Զոհերից 5-ը մահացել են տեղում, 1-ը՝ հոսպիտալացման ճանապարհին, 2-ը՝ Ուզլովայա ԲԿ վերակենդանացման բաժանմունքում: Ավտոբուսը, որը վթարի էր ենթարկվել, հայերին Ռուսաստանից տեղափոխելիս է եղել Երևան: Այն պատկանել է «Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ին: Հոկտեմբերի 4-ին հատուկ չվերթով ՃՏՊ-ի հետևանքով տուժածներին և զոհերի դիերը տեղափոխել են Հայաստան: