Գույնն ու արվեստների ներքին հակասությունները՝ Ավետիք Ալավերդյանի արվեստում
«Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք»: Նոյեմբերի 13-ին «Կալենց» թանգարանում բացվելու է նման խորագրով ցուցահանդես, որը Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցի 2013-2015 ուստարվա 3-րդ՝ կուրատորական մոդուլի ուսանողներ Լիլիթ Անտոնյանի և Թերեզա Դավթյանի կուրսային աշխատանքն է (ղեկավար` Նազարեթ Կարոյան):
Ցուցահանդեսում ներկայացվելու է 28 աշխատանք՝ արված 2005-10 թվականներին:
«Այս ցուցահանդեսով մենք նպատակ ունենք ուշադրություն դարձնել արդի և ժամանակակից արվեստների ներքին խնդիրներին, ինչպես նաև դրանց միջև առկա հակասություններին: Ավետիք Ալավերդյանը դրա վառ օրինակն է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Թերեզա Դավթյանը:
Եղվարդում ապրող Ավետիք Ալավերդյանի հայացքն ուղղված է դեպի անցյալ և բնություն։
«Թվում է, թե այդ հայացքի համար անդորրի հնարավորություններն այստեղ շատ ավելի մեծ պիտի լինեի, սակայն, գույնի նկատմամբ արվեստագետի ունեցած կիրքը, գալիս է խախտելու խաղաղ թեմաները։ Արդյունքում նրա վրձինը ստեղծում է պատկերներ, որոնք լեցուն են զգացական բուռն հակասություններով։ Կարծում ենք՝ այս հակասությունների միջոցով են դրսևորվում նահանջ ապրող արդի արվեստի լարումները ժամանակակից իրականության (այդ թվում նաև արվեստի) մեջ»,- նշեց Թ. Դավթյանը:
Ըստ նրա, ցուցահանդեսում աշխատանքներն այնպիսի շարքով են ներկայացվելու, որոնք դիտողին արտաքին աշխարհից տանելու են դեպի նկարչի ներաշխարհ՝ տեսարաններ նկարչի բնակավայրից, արվեստանոցից, տնից ու ծնողների նկարներ:
«Կոմպոզիցիա», 2008թ.
«Իր համար իր ծնողները գյուղացու իդեալական կերպարներն են: Նման կերպարներ իր համար այլևս չկան մեր իրականության մեջ»,- նշեց համադրողը:
«Մայրս», 2005թ.
«Ալավերդյանն իր հարցազրույցներից մեկում ասում է, թե իր համար ամենակարևորը անկեղծությունն է։ Անկեղծության ձգտումը նաև մտերմության պահանջն է։ Թեմայի առումով իր պատկերած աշխարհը մտերմիկի ու հարազատության շրջանակներում էլ հենց պարփակվում է՝ իր ծնողների, իր տան ներսի, այդ տունը շրջափակող բակի, իր բնակավայրի, իր աշխարհի։ Սակայն մտերմիկն ու մերձավորը լոկ տարածական հայտանիշներով չէ, որ սահմանվում են, այլև շարժումներով, որոնցով լեցուն է առօրյան։ Սոցիալական գոյության ամենաչնչին տատանումներն են դրանք՝ կահկարասու ամենօրյա տեղաշարժերն ու կահույքի վերադասավորումները, տան ներքին հարդարանքի ու արտաքին կառուցվածքի մեջ տեղի ունեցող փոփոխությունները՝ գործվածքների հլզումը, կենցաղային սարքերի փչանալը, տան պատերի ծեփի թափվելն ու խարխլումը, ներսում ապրող մարդկանց, իր ծնողների ծերացումը՝ նրանց մաշկի կնճռոտումն ու թափանցիկացումը, մարմինների կորացման ընթացքը»,- ասաց Նազարեթ Կարոյանը։
Թ.Դավթյանի բնորոշմամբ, նկարիչ Ավետիք Ալավերդյանի աշխատանքներին բնորոշ է գույնի նկատմամբ առանձնահատուկ զգայականությունը, հորիվածքային լուծումների պարզությունը:
«Նրա վառ գույների մեջ նույնիսկ ինչ-որ ցավ եմ զգում, իսկ գույների հաստ շերտերը մատնանշում են հենց կիրքը դեպի գույնը: Նկարչի կտավներում առաջին հայացքից հենց գույնն է աչքի ընկնում»,- ասաց արվեստաբանը:
«Կոմպոզիցիա», 2008 թ.
Լիլիթ Անտոնյանի խոսքով, մոդեռն արվեստն առաջ է շարժվում կատարելության հասնելու ուղիով, իսկ ժամանակակից արվեստն ամեն անգամ ստանձնում է սահմանել ինքն իրեն. «Մոդեռն արվեստը քաղաքային արվեստ է։ Ժամանակակից արվեստը չունի տարածական սահմանափակում։ Նրա զարգացմամբ մոդեռն արվեստը չի վերանում, այլ նահանջում է, հաճախ նաև տարածականորեն՝ դուրս գալով քաղաքից»:
Լուսանկարիչ՝ Արամ Կիրակոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները