Հարթաշենում ընտրվել է միակ թեկնածուն
Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքում նախօրեին տեղի ունեցած արտահերթ ընտրություններում ընտրվել է միակ թեկնածու Արմեն Խաչատրյանը: ՀՀԿ-ական, բայց ինքնառաջադրված թեկնածուի օգտին, ըստ ԿԸՀ տվյալների, քվեարկել է 224 մարդ:
Հիշեցնենք, որ համայնքապետի ընտրություններում նախապես առաջադրվել էր երեք թեկնածու: Նրանցից մեկը՝ ՀՀԿ-ական Արամայիս Դավթյանը, ով գյուղապետի տեղակալն էր, ինքնաբացարկ էր հայտնել, իսկ անկուսակցական Վիլա Մակարյանը հետ էր վերցրել փաստաթղթերը:
Հարթաշենում արտահերթ ընտրություններ էին նշանակվել այն բանից հետո, երբ գյուղապետ Գագիկ Վանեսյանը 2015 թվականի օգոստոսի 10-ին հրաժարական ներկայացրեց՝ առողջական վիճակի վատթարացման և արտերկրում բուժում ստանալու անհրաժեշտության հիմնավորմամբ: Գագիկ Վանեսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2012 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում:
Հարթաշենում ընտրությունները կազմակերպելու և անցկացնելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվել էր 1 մլն 120 հազար դրամ, իսկ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը՝ 2 մլն դրամ։