Թուրքագետ. Առաջիկայում մենք կունենանք ավելի ագրեսիվ ու անկանխատեսելի հարևան
Հարևան Թուրքիայում քրդական զինյալ պայքարը կրկին ակտիվ է լինելու, բախումները շարունակվելու են: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը, հաշվի առնելով փաստը, որ օրեր առաջ Քրդական բանվորական կուսակցությունը հայտարարեց միակողմանի զինադադարը չեղյալ համարելու մասին:
«Մյուս կողմից էլ տեսնում ենք, որ թուրքական պետությունը կոշտ հաստատակամություն է ցուցաբերում քրդական հարցը փակելու համար: Ուստի պետք է սպասել ռազմական լարվածության այս առումով»,-ասաց նա:
Ներքաղաքական կյանքում էլ լարվածությունը կշարունակվի: Հովսեփյանը հիշեցրեց, որ մեծամասնություն ապահովելուց հետո թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ իրենց առաջնահերթ խնդիրը սահմանադրական բարեփոխումներն են լինելու:
«Այդ հարցը լինելու է ներքաղաքական լարվածությունը խորացնող խնդիրներից մեկը»,-ասաց նա:
Արտաքին քաղաքականության առումով էլ Թուրքիան անելիքներ ունի. «Այն բեռը, որ իր վրա է վերցրել թուրքական իշխանությունը սիրիական հիմնախնդրի հետ կապված, գոնե հստակեցման կարիք է զգում: Դա ևս սրություն կհաղորդի Թուրքիայում տեղի ունեցող իրավիճակներին»:
Թուրքագետի խոսքով, այս իրավիճակում ընտրությունների արդյունքները թույլ են տալիս Էրդողանին ավելի համարձակ գործել. «Ստացած 49.5 տոկոսը կրկին բարձր լեգիտիմություն տվեց այս քաղաքական ուժին, և դա Էրդողանն ընդունում է որպես մեծ վստահության դրսևորում: Այս առումով Էրդողանի հնարավորությունները հատկապես ներքաղաքական պրոցեսներում ավելի են մեծանում: Հակակշիռ, զսպող չկա, ընդդիմությունը կարծես թուլացած է, և Էրդողանն ավելի համաձակ ու ինքնավստահ գործելու հնարավորություն է ստանում»:
Լ. Հովսեփյանի խոսքով, առաջիկա քաղաքականությունը կբխի Էրդողանի չափազանց մեծ ինքնավստահությունից ու որոշ դեպքերում ագրեսիվ դրսևորումներ կլինեն: Ու քանի որ առաջիկա տարիներին էլ ընտրություններ չեն լինելու, լեգիտիմության խնդիր չկա, ապա Էրդողանի հնարավորություններն ավելի կմեծանան. «Մենք առաջիկայում ականատես կլինենք Էրդողանի վարած քաղաքականության արդյունքում այդ երկրի՝ դեպի ավտորիտարիզմի խորացումը: Մենք կունենանք ավելի ագրեսիվ, անկանխատեսելի հարևան»:
Թեմայի վերաբերյալ կարդացեք նաև՝
Թուրքագետ. Չեմ կարծում, որ ընտրողների սպասած կայունությունը կլինի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան