
ԻԻՀ կապի նախարար. Իրանը ցանկանում է Հայաստանի միջոցով կապվել ԵԱՏՄ անդամ երկրներին
«Իրանը ցանկանում է Հայաստանի միջոցով կապվել ԵԱՏՄ անդամ երկրներին»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին:
Իրանի կառավարության անդամն այսօր Թեհրանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ ունեցած հանդիպմանը, անդրադառնալով հայ-իրանական երկկողմ տնտեսական հարաբերություններին, մասնավորապես ասել է. «Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), մենք ցանկություն ունենք այդ առիթն օգտագործել և մեր ապրանքներն արտահանել Ռուսաստան և կառույցի այլ անդամ երկրներ»:
Նշենք, որ այսօր Իրանի մայրաքաղաք Թեհրանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ղեկավարած պատվիրակության, ինչպես նաև 65 հայ գործարարների մասնակցությամբ տեղի կունենա Իրան-Հայաստան գործարար համաժողովը:
Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Լևոն Ահարոնյանն իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ընդգծելով երկկողմ տնտեսական կապերի խորացումը, նշել է. «Իրանը Հայաստանին առաջարկել է, որպեզի որոշ արտադրատեսակներ արտահանի Հայաստան և այստեղի գործարաններում ավարտին հասցնի դրանց արտադրությունն ու արտահանի Ռուսաստան»: