Իրան-Ադրբեջան հարաբերություններում նոր «մշակութային սկանդալ» է հասունանում
«Ադրբեջանի կողմից պատմությունն ու մշակութային արժեքները կեղծելու դեմ պետք է լուրջ և համակարգված պայքար մղել»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ ասել է իրանցի հայտնի արվեստագետ Մաջիդ Մեհրեգանը:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Ադրբեջանական Հանրապետությունը «Միլան-էքսպո 2015» ցուցահանդեսի ժամանակ պատկերազարդ գիրք է ցուցադրել, որտեղ իրանական մանրանկարչության արվեստի նմուշները ներկայացվում են որպես ադրբեջանական:
Մաջիդ Մեհրեգանը, անդրադառնալով Ադրբեջանի՝ Իրանի մշակութային արժեքները յուրացնելու քաղաքականությանը, նշել է. «Ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան ջանում իրանական արվեստի նմուշները գրանցել իր անվանը, մնում է, որ «Իրան» անունն էլ համարի իրենը: Այն ժամանակ, երբ իրանցի մանրանկարիչները ստեղծում էին իրեց արժեքավոր գործերը, Ադրբեջան անունով պետություն ընդհանրապես չկար»:
Իրանական մանրանկարչության կենտրոնի ղեկավար Մոհամմադ Բաղեր Աղամիրին էլ «ԻՍՆԱ»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով թեմային, նշել է, որ Բաքվի կողմից նման մշակութային քաղաքականություն վարելը ծիծաղելի է, և այն կանխելու համար պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:
Շարունակելով խոսքը՝ իրանցի արվեստագետը հավելել է. «Ես չեմ հասկանում, ինչո՞ւ են ադրբեջանցիները կոմպլեքսավորվում և ամեն ինչ ցանկանում են գրանցել իրենց անվանը: Եթե դիտեք ադրբեջանական հեռուստաալիքներով հեռարձակվող մշակութային հաղորդումները, ապա կտեսնեք, որ Սեֆյան Իրանի ժամանակաշրջանի մանրանկարչությունը ներկայացվում է որպես ադրբեջանական, և դա ծիծաղելի է»:
«Պատմությունը հնարավոր չէ վերանայել, Ադրբեջանի նման քայլերին պետք է կտրուկ պատասխան տալ, սա Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության թերի աշխատանքի արդյունքն է, «Մշակութային ժառանգության կազմակերպությունը ևս այդ ոլորտում որևէ օգտակար գործ չի կատարում, ԶԼՄ-ներն ինչքան քննադատում են, նրանց ականջներն ավելի են խլանում և աչքերն ավելի են կուրանում»,-հավելել է իրանական մանրանկարչության կենտրոնի ղեկավար Մոհամմադ Բաղեր Աղամիրին:
Նկատենք, որ մշակութային և պատմական հարցերի շուրջ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին լուրջ տարաձայնություններ են առաջացել: Ըստ իրանական կողմի՝ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին, Նադիր շահին «ադրբեջանցի» ներկայացնելուց՝ յուրացնում է նաև իրանական մշակութային արժեքները, ինչպիսիք են՝ թառ երաժշտական գործիքը, ճոկան (Polo) մարզախաղը, «Յալդայի գիշերվա» (Շաբ-է Յալդա) տոնը», «Կասպիական ձին», իսկ վերջերս Ադրբեջանի պատմության թանգարանը Ղաջարների դինաստիայի թագաժառանգ Աբբաս Միրզայի՝ Նախիջևանի խանին 1812թ. Ասլանդուզի ճակատամարտի ժամանակ ի նշան գնահատանքի նվիրաբերած պատմական դրոշը փորձում է ներկայացնել որպես Ադրբեջանի պատմական ժառանգության նմուշ:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրանն արդեն գիտակցում է, որ պետք չէ հանդուրժել Բաքվի՝ իրանական պատմությունն ադրբեջանականացնելու քաղաքականությունը
Իրանցի գիտնական. Ադրբեջանը պատմությունը խեղաթյուրելու գործընթացը երեք ուղղությամբ է իրականացնում
Իրանցի պատմաբան. Նույնիսկ Ադրբեջան պետության անունը չի պատկանում ադրբեջանցիներին
Իրանցի փորձագետ. Ո՛չ շահ Իսմայիլը, ո՛չ Նադեր շահը և ո՛չ էլ Նիզամի Գյանջավին երբե՛ք չեն կարող Ադրբեջանին պատկանել
Իրանական կայք. Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է խեղաթյուրել պատմությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան