Քաղաքաշինության նախարարը բավարարված է, որ Երիտասարդական պալատն առայժմ ճապոնական նախագծով չեն կառուցում
Երիտասարդական պալատի, Սևան հյուրանոցի, Կայարանի հարևանությամբ, Ամիրյան փողոցում գտնվող կիսակառույց շենքերի ճակատագիրը քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի համար կարևոր հարց է:
«Մեզ այս ընթացքում հաջողվել է մի շարք ծրագրեր սկսել: Մասնավորապես, եկող տարի կսկսի Սևան հյուրանոցի շինարարությունը, հիմա պայմանագրերի վրա են աշխատում: Ամիրյան փողոցի կիսակառույցում արդեն սկսել են աշխատանքները: Երիտասարդական պալատում որևիցե նոր տեղեկատվություն չկա, բայց շատ շուտով մենք ԱԺ կներկայացնենք օրենք, որտեղ խիստ պատժամիջոցներ են նախատեսված այդ կարգի շինությունների համար»,-ասաց քաղաքաշինության նախարարը:
Գործադիր մարմնի ներկայացուցչի խոսքով, նման օրենքի ընդունումը միակ ճանապարհն է խնդիրը լուծելու համար. «Օրենքի նախագծով սահմանվում է, որ եթե երկու տարի շարունակ այդ կիսակառույցներում աշխատանքներ չեն իրականացվում, ապա խոշոր տուգանքներ են կիրառվելու»:
Ն. Սարգսյանի խոսքով, Երիտասարդական պալատի համար որևէ նախագիծ չկա, ոչ էլ շինարարական աշխատանքների վերջնաժամկետ է սահմանված. «Մեզ իրապես չի հաջողվել այդ խնդիրը լուծել: Ինչ-որ մի տեղ բավարարվածություն ունեմ, հիմա խոսում եմ որպես ճարտարապետ, որ ճապոնական նախագիծը, որը հաղթել էր մրցույթում, չի կառուցվել: Այդ առումով, ես անձնապես բավարարված եմ, որ այդպիսի օտար, Երևանի հետ կապ չունեցող շինություն չլինի: Նախագիծը չի բավարարում ոչ միայն ինձ, այլև իմ շատ գործընկերների»:
Հարցին, թե ինչու չի բավարարում, Ն. Սարգսյանը մանրամասնեց, որ դա մի անհասկանալի, խոշոր, ահռելի կառույց է՝ բնակելի. «Մրցույթ էր, ժյուրի կար, ժյուրիի իրավունքն էր ընտրել: Հիմա պատվիրատուն չի էլ պատրաստվում կառուցել, նա մեզ չի էլ դիմել, այն չի վերածվել կոնկրետ շինարարության»:
Նախարարից հետաքրքրվեցին, Կրկեսի նոր շենքի պատրաստ լինելու ժամկետների մասին. «Դա բավականին բարդ շինարարություն է: Այն այս պահին ընթանում է: Ամենաժամանակակից տեխնոլոգիաներով է իրականացվում: Իմ տվյալներով, դա պետք է ավարտվի 2016-ի վերջին կամ 2017-ի սկզբին»:
Տարածված այն լուրերը, թե կրկեսը քանդեցին նրա հետևում հյուրանոցը կառուցելու համար, Ն. Սարգսյանը հերքում է. «Բացարձակապես կապ չունի դրա հետ: Կրկեսը նախատեսված չէր քանդել: Այն կառուցվել էր շատ վաղուց, շենքն իր շինարարական որակով ավելի մեծ ծախսեր էր պահանջելու ուժեղացման համար, քան նորից կառուցելու դեպքում: Կոնստրուկցիաները բարակ էին ու մաշված»:
Կիսակառույցների թեմայի վերաբերյալ կարդացեք նաև՝
Ու՞ր է հասել քաղաքապետարանը կիսակառույցների հարցով. Նարեկ Սարգսյանը թվարկում է
Կիսակառույցների սեփականատերերը նոր պայմանագրեր պետք է կնքեն քաղաքապետարանի հետ, այլապես…
«Սևան»-ը` բացօթյա զուգարան, «Կուկուռուզնիկը»` բազալտի հանքավայր. Ովքե՞ր են Երևանն ապամոնտաժողները