Ռուբեն Հայրապետյան. «Որևէ խմբակի իրավունք չի տրված խոսել բոլոր երկրպագուների անունից»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտբոլային երկրպագուների ՖԱՖ խմբի անդամները հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջներ ներկայացնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ կապված ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցում իրականացվող քաղաքականության, տոմսերի գների և այլնի հետ: Եվ ահա, ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, ՀՖՖ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ:
«Ուրախությամբ տեղեկացա, որ ՖԱՖ կոչվող խմբակը պահանջատիրական խնդիրներով է սկսել հանդես գալ, բայց զարմացա, որ պահանջատիրությունը կապված է Հայաստանի ազգային հավաքականի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ես կարծում էի, որ ՖԱՖ կոչվող խմբակը պահանջատիրական հակումներ կարող է ունենալ, օրինակ, ասենք Իտալիայի ազգային հավաքականի կամ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ:
Բոլորն են հիշում, թե ինչ ջերմությամբ ու մտահոգությամբ էին նրանք երկրպագում, օրինակ, Իտալիայի ազգային հավաքականին: Ընդհանրապես՝ ՖԱՖ կոչվող խմբակը մինի շոուներ կազմակերպելու մեծ փորձ ունի, բայց Հայաստանի ազգային հավաքականի համար վճռորոշ պահերին օտար երկրների հավաքականներին երկրպագելու մասով:
ՖԱՖ կոչվող խմբակը լավ կլինի, որպեսզի գիտակցի, որ Հայաստանի հավաքականն ունի հարյուր հազարավոր հավատարիմ երկրպագուների բանակ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, որոնք իսկապես Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի կողքին են ամեն պարագայում: Նրանք իրենց չեն ծառայեցնում տարբեր շահերի, ոչ մաքուր հանձնարարություններ չեն կատարում, հավաքականն ու ֆուտբոլը չեն ծառայեցնում իրենց մանր ամբիցիաներին: Նրանք միշտ և հատկապես հավաքականի համար վճռորոշ պահերին մեր ազգային հավաքականի հետ են, և մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հավաքականը վերագտնի իր արժանի խաղը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ես անձամբ բազմիցս ենք արտահայտել մեր երախտագիտությունը մեր հավատարիմ հարյուր հազարավոր երկրպագուներին: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր ազգային հավաքականը նրանց վերադարձնի իրենց նվիրումը: Հայաստանում և արտերկրում Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնց նաև շնորհակալ ենք իրենց աշխատանքի, դիտողությունների և խորհուրդների համար: Որևէ խմբակի իրավունք չի տրված խոսել ազգային հավաքականի բոլոր երկրպագուների անունից:
ՖԱՖ կոչվող խմբակին խորհուրդ կտամ զբաղվել տուրիստական գործունեությամբ և տոմսերի առուվաճառքով: Դա ավելի լավ է ստացվում»,- նշված է Ռուբեն Հայրապետյանի հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները