Ամեն ամիս մի քանի հազար մարդ համալրում է Կուտակային կենսաթոշակային համակարգը. Վաչե Գաբրիելյան (տեսանյութ)
Կուտակային կենսաթոշակային համակարգում այս պահի դրությամբ կան ավելի շատ մասնավոր հատվածի մասնակիցներ, քան՝ պետական հատվածի: Այս մասին այսօր Երևանում մեկնարկած «Կենսաթոշակային և սոցիալական ապահովության արդիականացված համակարգեր. լուծումներ և տեսլական» խորագրով միջազգային չորրորդ համաժողովում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
Նրա խոսքերով՝ համակարգում ընդգրկված է շուրջ 130 հազար քաղաքացի, որից 60 հազարը պետական աշխատողներ են, իսկ 70 հազարը՝ մասնավոր հատվածի աշխատողներ, թերևս օրենքում միայն պարտադիր է պետական հատվածի մասնակցությունը:
«Ուզում եմ նշել, որ յուրաքանչյուր ամիս ավելանում են մի քանի հազար մասնակիցներ, ընդ որում՝ այդ մասնակիցները ոչ միայն նրանք են, ովքեր նոր են մտնում աշխատաշուկա, այլև աշխատանքային ստաժ ունեցող մասնակիցներ: Սա կարևոր նվաճում է, բեկումնային կետ»,-ասաց Վ. Գաբրիելյանը:
Փոխվարչապետը նշեց, որ կուտակային կենսաթոշակային բարեփոխումները համարվում են աշխարհի բարդագույն բարեփոխումները, քանի որ շոշափում են բոլորի շահերը. «Հասարակության բոլոր շերտերի, բոլոր զանգվածների հետ կապ ունեն և մենք ուշադրություն պետք է դարձնենք թե՛ կուտակայինին, թե՛ բաշխողականին՝ կատարելագործելով թե՛ մեկը, թե՛ մյուսը»:
Ըստ նրա՝ համակարգն իր բարեփոխման տրամաբանությամբ բոլոր միջազգային գործընկերների կողմից ճանաչվել է աշխարհում լավագույններից մեկը, ուստի այս մասին պետք է բոլորը իմանան, թե այն իրենից ինչ է ներկայացնում և ինչ առավելությունների ունի համակարգին միանալը:
Անդրադառնալով բաշխողական համակարգին՝ Վ.Գաբրիելյանն ասաց, որ վերջին մի քանի տարիներին իրականացրած բարեփոխումների համակարգի շնորհիվ այժմ ունեն տարածաշրջանում լավագույն հաշվառող համակարգերից մեկը:
«Իհարկե, չի կարելի պնդել, որ այն կատարյալ է, կան այլ խնդիրներ, սակայն միանշանակ կարող ենք պնդել, որ մենք ունենք էական բարելավումներ մի քանի տարի առաջվա համակարգից»,-ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ այդ հարցում մեծ աջակցություն են ստացել ԱՄՆ միջազգային զարգացման աջակցության կազմակերպությունից, Համաշխարհային բանկից:
Փոխվարչապետը նաև ավելացրեց, որ թեև ոլորտում գրանցված նվաճումներին, այդուհանդերձ անելիքները շատ են: Եւ հույս հայտնեց, որ համաժողովի ընթացքում կքննարկվեն ոլորտում առկա խնդիրները:
«Հավաստիացնում եմ Ձեզ, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը: Մենք բաց ենք լսելու և բաց ենք նորամուծություններին, հնարավորինս արագ և արդյունավետ քայլեր անելու»,- նշեց Վաչե Գաբրիելյանը:
Նշենք, որ համաժողովը կազմակերպվել է Սոցիալական ապահովության պետական ծառայության և «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման» ծրագրի աջակցությամբ: