Մեր խնդիրն է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա ՀԷԿ-երի ազդեցությունը. Արամայիս Գրիգորյան
«Կարևորելով փոքր ՀԷԿ-երի նշանակությունը՝ որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր և էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող գործոն, մեր խնդիրն է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունը»: Այս մասին նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Հայաստանում բնական՝ հանքային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու բնապահպանական կառավարումը. խնդիրներ և լուծման ուղիներ» թեմայով աշխատաժողովի ժամանակ:
Նրա խոսքերով՝ ՀԷԿ-երի անբարեխիղճ գործունեության հետևանքով անբարենպաստ էկոլոգիական իրավիճակ է նկատվում հանրապետության գետերում, խախտվում են գետերի բնական հոսքի քանակական ցուցանիշները: Տեղեկացնում են ԲՆ մամուլի ծառայությունից:
«Ներկայում, համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ հանրապետության գետերի բազմամյա տարեկան բնապահպանական թողքի հաշվման ընթացքում հաշվի է առնվում միայն գետերի հիդրոլոգիական բնական ռեժիմը: Սակայն ՀՀ բնապահպանության նախարարությունը գտնում է, որ էկոլոգիական թողքի ճշգրիտ արժեքի որոշման ժամանակ բացի հիդրոլոգիական բաղադրիչից, անհրաժեշտ է հաշվի առնել մյուս բնութագրիչները ևս (հիդրոմորֆոլոգիական, հիդրոկենսաբանական և հիդրոքիմիական), ինչպես նաև գետերում հոսքի ձևավորման առանձնահատկությունները: Ուստի մեր առաջարկությամբ՝ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության աջակցությամբ, մշակվում է էկոլոգիական թողքի գնահատման նոր մեթոդ, որտեղ կներառվեն նշված բոլոր բաղադրիչները»,-նշել է նախարարը: