Եվրամիությունը քննադատել է Թուրքիային` մարդու իրավունքները և ազատությունները ոտնահարելու համար
Եվրոպական հանձնաժողովը Թուրքիային մեղադրել է մարդու իրավունքների ոտնահարման և հիմանկան ազատությունների սահմանափակման մեջ: Ըստ նոյեմբերի 10-ին հրապարակված ԵՄ անդամակցության թեկնածու հանդիսացող Թուրքիայի մասին ամենամյա զեկույցի` այդ երկիրը «խոսքի ազատության և հավաքներ իրականացնելու ոլորտում նշանակալի հետընթաց է գրանցել»: Այս մասին հաղորդում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Թուրքիայում նկատվում են «բացասական միտումներ` կապված իրավական պետության և մարդու իրավունքների հիմնադրույթների հետ»,-նշում են փաստաթղթի հեղինակները: ԵՄ-ի և Թուրքիայի մերձեցմանը խոչընդոտում են թուրքական իշխանությունների գործողությունները, որոնք խախտում են եվրոպական ստանդարտները, ասվում է զեկույցում:
Զեկույցի համաձայն` Թուրքիան պարտավոր է երաշխավորել կանանց, երեխաների և ԼԳԲՏ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև ապահովել ազգային փոքրամասնությունների սոցիալական ինտեգրումը, մասնավորապես` գնչուների:
Թուրքական իշխանությունները պարտավոր են նաև ջանքեր գործադրել քրդերի հետ հակամարտութէյան կարգավորման համար և նվազեցնեն երկրում բռնությունների մակարդակը, հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:
Բացի նշված կետերից զեկույցում առանձնահատուկ ուշադրության է արժանացել նաև ԶԼՄ-ների և համացանցի ազատության խնդիրը: Փաստաթղթում անդրադարձ է կատարվել լրագրողների, համացանցի օգտատերերի դեմ քրեական բազմաթիվ գործերին, որոնք հակասում են խոսքի ազատության սկզբունքներին: