100 LIVES նախագծի շրջանակում տեղի է ունեցել Մարինե Ալեսի «Ձեզանից մեկը....» խորագրով համերգաշարը
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի 100 LIVES (100 Կյանք) նախագիծը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ ներկայացնելով երգահան և բանաստեղծուհի Մարինե Ալեսի «Ձեզանից մեկը....» խորագիրը կրող համերգաշարը:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, մեկնարկը տրվել է հոկտեմբերի 28-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, այնուհետև հոկտեմբերի 30-ին շարունակվել է Թբիլիսիում՝ Կոտե Մարջանաշվիլիի անվան ակադեմիական թատրոնում և եզրափակվել Սանկտ Պետերբուրգում՝ Պետական Էրմիտաժի թատրոնում: Թբիլիսիում կայացած համերգին ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Համերգաշարի նպատակը հանրությանը 100 LIVES նախագծի և նրա առաքելության մասին ևս մեկ անգամ իրազեկելն էր: Աղբյուրը հիշեցնում է, որ 100 LIVES նախագիծը կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերի գնով հարյուր հազարավոր հայերի են փրկել Ցեղասպանությունից։
Համերգների ընթացքում Մարինե Ալեսի ստեղծագործությունների կատարումները զուգորդվում էին Ցեղասպանությունը վերապրողների փրկության պատմություններով: Երգահանի հայտնի ու նոր ստեղծագործությունները կատարում էին Ֆորշը, Դավիթ Ամալյանը, Գևորգ Հակոբյանը, Ջանինան, Ջիվան Գասպարյան կրտսերը՝ «Կադանս» անսամբլի նվագակցությամբ:
«Տպավորված եմ հանդիսատեսի ջերմ ընդունելությունից. թե՛ Գյումրիում, թե՛ Թբիլիսիում ու Սանկտ Պետերբուրգում զգում էի դահլիճի էներգետիկան ու լուռ հավանությունը: Ուրախ եմ նաև, որ կարողացա օգտակար լինել 100 LIVES նախագծին և ևս մեկ անգամ արվեստի միջոցով հանրությանը տեղեկացնել ծրագրի նշանակության ու գաղափարախոսության մասին»,-ամփոփելով համերգաշարը՝ նշել է Մարինե Ալեսը:
«Մեկնարկը մենք որոշեցինք տալ Գյումրիում, որպես վերապրող քաղաք, որը 100 տարի առաջ ընդունել է ավելի քան 30 հազար որբի: Մտադիր ենք առաջիկայում համերգային ծրագիրը ներկայացնել նաև արտերկրի այլ քաղաքներում»,-նշել է 100 LIVES նախագծի համագործակցության հարցերով տնօրեն Արեն Ափեկյանը:
100 LIVES նախագիծն ու Մարինե Ալեսը նաև նվերներ էին պատրաստել Թբիլիսիի և Սանկտ Պետերբուրգի հայ համայնքների մշակութային կենտրոնների, ինչպես նաև Գյումրիի երաժշտական դպրոցի սաների համար: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի պարի խմբին նրանք ազգային տարազներ, իսկ Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցուն կից մշակութային կենտրոնին՝ դաշնամուր նվիրեցին: Գյումրիի Շերամի անվան երաժշտական դպրոցն ու Գյումրիի քաղաքապետարանի «Անի» նվագախումբը փողային գործիքներ ստացան: