Ջիանլուկա Մարչիանոն օպերային թատրոնի երկու ներկայացումում հանդես կգա որպես դիրիժոր
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 12-ին կներկայացվեն Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա», իսկ նոյեմբերի 19-ին` «Տրուբադուր» օպերաները: Ներկայացումների դիրիժորն է Ջիանլուկա Մարչիանոն (Իտալիա): Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ջ. Մարչիանոն մի քանի անգամ պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է Ա. Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական մրցույթին: Ջ. Մարչիանոն ապրիլի 24-ին մասնակցել է նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում կազմակերպված համաշխարհային նվագախմբի համերգին: Սեպտեմբերի 1-ին դիրիժորը մասնակցել է Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ի արցախյան պրեմիերային: Ջ. Մարչիանոն ներկայումս դասվում է համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար դիրիժորների շարքին և տարիներ շարունակ մեծ հաջողությամբ հանդես է եկել նաև որպես դաշնակահար: Ջ. Մարչիանոն Բեյրութի «Ալ Բուստան» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարն է, համագործակցում է աշխարհի մի շարք հեղինակավոր նվագախմբերի հետ, ղեկավարել է Զագրեբի օպերային թատրոնի նվագախումբը, այնուհետև զբաղեցրել է Թբիլիսիի պետական օպերային թատրոնի երաժշտական տնօրենի և գլխավոր դիրիժորի պաշտոնը: Մարչիանոն հանդիսանում է Ռումինիայի ֆիլհարմոնիկ և Լոնդոնի կամերային նվագախմբերի հրավիրյալ դիրիժորը:
«Տրավիատա»-ն Ջ. Վերդիի լավագույն ստեղծագործություններից մեկն է, որը բեմադրության պահից մինչ օրս չի իջել օպերային թատրոնների բեմահարթակներից։ Երևանի օպերային թատրոնում բեմադրվել է 1936 թ. (դիրիժոր` Մ. Թավրիզյան, բեմադրություն՝ Լ. Քալանթար):
Ջ. Վերդիի «Տրուբադուր» օպերայի առաջնախաղը կայացել է 1853 թ. հունվարի 19-ին Հռոմի «Ապոլո» թատրոնում։ Օպերան ներկայումս ընդգրկված է աշխարհի հեղինակավոր թատրոնների խաղացանկում։ «Տրուբադուր»-ը Երևանի օպերայի թատրոնում բեմադրվել է 1957 թ. (դիրիժոր- Ս. Չարեկյան, բեմ.- Գ. Մելքումյան) և 1989 թ. (դիրիժոր` Լ. Շաբանյան, բեմադրություն՝ Ն. Սարգսյան)։
Նախորդող հրապարակումներ՝
Իտալացի դիրիժորը հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»
Իտալացի դիրիժորը չի վախենում Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները