«Ուշ լինի, նուշ լինի». օպերետը` Պարոնյանի թատրոնի բեմում
«Սիրում ենք օտարել մեր գանձերը, հեռանալ մեր արժեքներից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը՝ խոսելով ազգային օպերետի, մասնավորապես «Ուշ լինի, նուշ լինի» օպերետի մասին:
Նշենք, որ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում սեպտեմբերի 11-ին կայացել էր Արտեմի Այվազյանի և Գարեգին Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի» 2 գործողությամբ օպերետի պրեմիերան: Բեմադրությունը՝ Երվանդ Ղազանչյանի:
Նա նշեց, որ Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետից հետո «Ուշ լինի, նուշ լինի» օպերետը համարվում է մեր օպերետային արվեստի բարձրակետը: Ս. Առաքելյանը հիշեց, որ հայտնի դերասան Կարպ Խաչվանքյանն այս օպերետը համարում էր «շեդեվր»:
Ս. Առաքելյանն ասաց, որ «Ուշ լինի, նուշ լինի» օպերետը բեմադրվել է յոթ անգամ, մի քանի անգամ վերաբեմադրվել:
«Բոլոր բեմադրություններին մի բան ավելացել է, երբեք չի կրկնվել»,- նշեց նա:
Խոսելով կոնկրետ վերջին բեմադրության մասին, Ս. Առաքելյանն ասաց, որ եթե Հրաչյա Ղափլանյանն ավելացրեց մի կերպար, Երվանդ Ղազանչյանն ավելացրեց երկրորդ կերպարը՝ հավաքական կերպար՝ ժողովուրդ: Ներկայացման մեջ 90 արտիստ է ներգրավված, համալրվել է երգչախումբը, հատուկ գործիքներ են ավելացել նվագախմբում՝ ջութակ, փողային, բալետային խումբը մեծացել է:
«Մեր խաղացանկի ամենափայլուն ներկայացումներից է»,- ասաց նա՝ առաձնացնելով երկու գլխավոր դերակատարներին՝ Շողիկին՝ Մարիամ Ղազարյան և Արշակին՝ Գևորգ Դավթյան:
Մարիամ Ղազարյանը բավականին դժվար է տվել իր համաձայնությունը խաղալ Շողիկի դերը:
«Վախ կար մեջս, քանի որ շատ հայտնի դերասանուհիներ են խաղացել Շողիկի դերում»,- ասաց Մ. Ղազարյանը:
Պատասխանելով հարցին, թե որքան՞վ է արդիական օպերետում արծարծվող թեման, Ս. Առաքելյանն ասաց, նժարի վրա դրեք այն ժամանակն ու հիմա, որևէ տարբերություն չկա:
«Շատ ժամանակակից է»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա