Մենք աջակցում ենք մարզերում տուրիզմի զարգացմանը, ինչը կնպաստի տնտեսական զարգացմանը. դեսպան Միլս
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նախօրեին այցելել է Գյումրի և Դաշտադեմ, որտեղ իրականացվել են ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված վերջին երկու ծրագրերը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից:
«Մեզ բոլորիս միավորում է ընդհանուր պատմությունը, մեր մարդկային պատմությունը: Հասկանալով ու հարգանք դրսևորելով Հայաստանի պատմության նկատմամբ, մենք արժևորում ենք մեր ընթացիկ կապերը ու կերտում ենք մեր ընդհանուր ապագան», - ասել է դեսպան Միլսը:
Այս տարի ավարտվում են ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող երեք ծրագրերի իրականացման աշխատանքները. դրանք են՝ Ռաֆայել Աթոյանի «Ջաղացի ճանապարհին» որմնանկարի վերականգնման, Դաշտադեմի ամրաշինական համալիրի տարածքում պեղումների ու վերականգնման և Արենու քարանձավում առկա նշանակալի հնագիտական գտածոների պահպանության աշխատանքները: Ընդհանուր առմամբ, երեք ծրագրերի համար ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից հատկացվել է 200.000 ԱՄՆ դոլար գումար:
«Ավելի քան մեկ տարի վերականգնման մանրակրկիտ ու բծախնդիր աշխատանքներ են իրականացվել երեք ծրագրերի շրջանակում և այժմ արդեն հայ ժողովուրդը կարող է տեսնել կատարված ներդրումների արդյունքը», - նշել է դեսպան Միլսը Ռ. Աթոյանի որմնանկարի վերականգման ու Դաշտադեմի համալիրում կատարված աշխատանքների ավարտը նշանավորող միջոցառումների ընթացքում: Իսկ Արենու քարանձավի ծրագրի աշխատանքների ավարտը կնշանավորվի մի փոքր ավելի ուշ:
Այս ծրագրերի ավարտը համընկնում է դեսպանության կողմից գյուղի զարգացման հարցերին նվիրված միամսյակի հետ: Դեսպան Միլսը նկատեց, որ նման հուշարձանների պահպանության շնորհվ զբոսաշրջիկները չեն սահմանափակվի սոսկ երևանյան այցերով, և դա կօգնի ձևավորել տնտեսական բազմազանություն մարզերի համար:
«Հայաստանի համայնքներում մշակութային և պատմական ժառանգության շատ նմուշներ կան: Համագործակցելով Հայաստանի մեր գործընկերների հետ այդ վայրերն ու այս որմնանկարը պահպանելու համար՝ մենք աջակցում ենք մարզերում տուրիզմի զարգացմանը, ինչը կնպաստի տնտեսական զարգացմանը», - շեշտել է Ռ. Միլսը:
«ՋԱՂԱՑԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»
Ռաֆայել Աթոյանի «Ջաղացի ճանապարհին» խորագրով որմնանկարը քայքայման եզրին էր, քանի որ ամայի շենքը, որտեղ այն գտնվում էր, կամաց-կամաց քանդվում էր: Այժմ՝ ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի շնորհիվ, այն տեղադրվել է Գյումրու երիտասարդական պալատում:
Որմնանկարի փութաջան վերականգնումն ու տեղափոխումը իրականացվել է «Մինաս Ավետիսյան» մշակութային հիմնադրամի միջոցով՝ Արման Ավետիսյանի գլխավորությամբ և Ֆլորենցիայի ռեստավրացիայի ինստիտուտի հռչակված մասնագետ Ֆաբրիցիո Իակոպինիի մասնակցությամբ:
Բացման արարողության ժամանակ դեսպան Միլսը հայտարարեց, որ այս տարի ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի շրջանակում մրցութային հիմունքներով ընտրվել է և կֆինանսավորվի ևս մեկ որմնանկարի վերականգնման ծրագիր: Կվերականգնվի Հակոբ Հակոբյան, «Սարերում/կթվորներ» որմնանկարը, որը ավարտից հետո տեղ կգտնի Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում:
«Ես անհամբեր սպասում եմ այդ որմնանկարի վերականգնման աշխատանքների ավարտին, որպեսզի վերադառնամ Գյումրի: Գյումրին շատ ինքնատիպ կոլորիտ ունի, և ես կարծում եմ, որ այս երկու նկարիչները իրապես պատկերում են այն, ինչը Հայաստանի այս անկյունը յուրահատուկ է դարձնում»,- ասել է դեսպանը:
ԴԱՇՏԱԴԵՄ
Աթոյանի որմնանկարի բացման արարողությունից հետո դեսպան Միլսը Գյումրիից մեկնել է Դաշտադեմի ամրոց: Լինելով Կովկասում պահպանված ամենամեծ ամրոցներից մեկը՝ սա մեծ պատմական և ճարտարապետական նշանակություն ունեցող վայր է: Այստեղ են գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցին (7-րդ դար), Խանի պալատը (12-րդ դար) և քրիստոնեական տապանաքարեր (9-րդ դար):
Համագործակցելով ՀՀ կառավարության, ՀՀ մշակույթի նախարարության և «ԱՄԱՓ» Մարդկային զարգացման ՀԿ-ի հետ՝ ԱՄՆ դեսպանատունը իրականություն դարձրեց Դաշտադեմի պահպանման նախագիծը: Այս նախագծի շնորհիվ տարածքը մաքրվեց աղբից և ժամանակակից շինությունների մնացորդներից, ինչը հնարավորություն ընձեռեց պեղումներ կատարել միջնաբերդի և պարիսպի շրջանում: 35 մետր երկարությամբ միջնադարյան պարսպապատի ուրվագծեր և հիմքեր բացահայտվեցին, այդ թվում՝ երկու կիսաբոլոր աշտարակներ: Պեղումների արդյունքում նաև բացահայտվեցին միջնադարյան տներ և առևտրի մեջ օգտագործվող առարկաներ, օրինակ՝ վառարաններ:
«Հայաստանը երկարամյա և հարուստ պատմություն ունի: Այն նաև բազմաշերտ է. տարբեր մշակութային դարաշրջաններ են եկել, միախառնվել ու անցել: Պահպանելով այս ամրոցը՝ մենք կօգնենք ապագա սերունդներին հասկանալ՝ որտեղից է սերում ժամանակակից հայ ժողովուրդը»,- ասել է Ռ.Միլսը:
Ընդունելով այն, որ մեր մշակութային ժառանգության փառաբանումը երկրներ և ժողովուրդներ միավորելու միջոց է, ԱՄՆ պետքարտուղարությունը 2000թ. ստեղծել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը: Հիմնադրամի միջոցով ԱՄՆ պետքարտուղարությունն ամեն տարի աշխարհով մեկ մի շարք ծրագրեր է ֆինանսավորում եզակի մշակութային արժեքները պահպանելու համար:
ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը 2005թ.-ից ի վեր Հայաստանի մշակութային վայրերի պահպանման համար միջոցներ է տրամադրում՝ ֆինանսավորելով այնպիսի նախագծեր, ինչպիսիք են՝ Նորատուսի միջնադարյան գերեզմանատան և խաչքարերի հավաքածուի քարտեզավորումն ու արժեքների ցուցակագրումը, Գառնիի միջնադարյան քարակառույց կամուրջի պահպանումը և ավանդական հայկական երաժշտության և պարերի հավաքագրումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները