Րաֆֆի Մխչյան. Մեր արտադրողները պետք է լինեն կրեատիվ
«Հայկական ապրանքները ոչ միայն եվրոպական շուկայում, այլ նաև աշխարհում մրցունակ են: Ունենք ապրանքներ, որոնք անկրկնելի են: Ուղղակի պետք է մեր արտադրողները լինեն կրեատիվ, նոր բաներ արտադրեն. աշխարհը փոխվում է, մրցակցությունը շատ մեծ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը:
Նրա խոսքով, Հայաստանից Սինգապուր են արտահանվում հյութեր, որոնց մեկ շիշը 8 դոլարով է վաճառվում. «Սինգապուրից ավելի ուժեղ շուկա պե՞տք է գտնել մրցակցության համար»:
Եվրամիության Արտոնությունների ընդհանրացված համակարգը (GSP+), Ր. Մխչյանի խոսքով, հրաշալի հնարավորություն է հայաստանյան արտադրողների համար. «Կոչ եմ անում արտադրողներին իրենց ամբողջ ջանքերը գործադրել, արտադրել այնպիսի ապրանքներ, որոնք պահանջարկ ունեն Եվրամիության երկրներում և օգտվելով այս արտոնությունից, արտահանեն»:
Նշենք, որ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանն ընդգրկվել է GSP+ ռեժիմի նոր շրջափուլի մեջ, որը նշանակում է, որ 6000-ից ավելի հայկական ծագման ապրանքները կարող են ԵՄ ներմուծվել GSP+-ի շրջանակներում տրված արտոնյալ՝ զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքերով:
«Սա հավասարազոր է նրան, ինչից այսօր օգտվում ենք ԵԱՏՄ տարածքում: Ցավոք, այսօր շատ չենք օգտվում Եվրոպայի ընձեռած այդ հնարավորությունից»,- ասաց Ր. Մխչյանը:
Պատասխանելով հարցին, թե ո՞րն է խնդիրը, որ հայ գործարարները չեն օգտվում այդ արտոնությունից, նա նշեց, որ խնդիրը խորն է. «Ինձ թվում է 70 տարի խորհրդային միությունում լինելը, ձևավորված մենթալիտետը, չի թողնում մեզ թեքվել դեպի Եվրոպա»:
Ըստ նրա, ԵԱՏՄ-ն նոր շուկա չէ հայ արտահանողների համար, միաժամանակ հավելեց, որ Հայաստանի համար կարևոր մրցակցության ասպարեզ է Եվրամիության շուկան:
Արտահանողների միության նախագահի խոսքով, Հայաստանն իր թեթև և միջին արդյունաբերությամբ, սննդարդյունաբերությամբ, գինիներով, ձկնամթերքով, տեքստիլ արդյունաբերությամբ կարող է մուտք գործել եվրոպական շուկա: Ըստ նրա, Հայաստանը Եվրոպայի համեմատ առավելություն ունի. ՀՀ-ում աշխատուժն էժան է, արտադրանքն որակյալ է:
Նախորդող հրապարակում՝
ԵՄ-ն նման արտոնություններ տալով ՀՀ-ին, նաև ակնկալում է որոշ ոլորտներում բարեփոխումներ. ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ