ԿԽՄԿ-ն բանակցում է, որ ստանա անհապաղ տեսակցության հնարավորություն Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացու հետ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանի իշխանությունների կողմից հաստատում է ստացել, որ հայ-ադրբեջանական սահմանը անցել է Հայաստանի քաղաքացի: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան մասնաճյուղի մամուլի հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունին:
Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, որ Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանը հատել է սահմանը և անցել Ադրբեջանի տարածք:
«Մենք արդեն 2 կողմից հաստատում ունենք, որ Հայաստանի քաղաքացին հատել է միջազգային սահմանը և հայտնվել Ադրբեջանում: Ստանալով երկողմանի հաստատումը, ԿԽՄԿ-ն, համաձայն իր գործելաոճի, աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի ստանա անհապաղ տեսակցության հնարավորություն քաղաքացու հետ»,- ասաց Ամատունին:
Այս պահին, Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցություններում, նրա խոսքով, առաջընթաց չկա: Ամատունին վկայակոչելով ԿԽՄԿ մանդատը, հրաժարվեց հաղորդել, թե մասնավորապես ինչ հանգամանքներում է կինը հատել սահմանը և ինչպիսին է նրա առողջական վիճակը:
Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը Panorama.am-ին ասաց, որ Լուսիկ Մելիքյանը 4 երեխաների մայր է և արդեն թոռներ էլ ունի, ապրում են սոցիալապես նորմալ պայմաններում:
«Չեմ կարող ասել` ինչպես է ստացվել, որ նման բան է եղել: Քննությունը այդ հարցի պատասխանը կտա: Իմ տեղեկություններով, նա առողջական խնդիրներ չունի»,-ասաց գյուղապետը` չհստակեցնելով, թե ինչպես է ստացվել, որ կինը հատել է սահմանը:
Թեմային առնչվող հրապարակում`
Ոստիկանության կողմից որոնվող կինը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հատել է հայ-ադրբեջանական սահմանը