«Չփորձենք աչքը դզելու տեղն ունքն էլ հետը ծռենք». Թևան Պողոսյանը՝ նպաստների մասին (տեսանյութ)
«Եթե նպաստների մասին օրենքում փոփոխություններ են կատարվում, ապա դրանք պետք է նպաստեն ծնելիության բարձրացմանը»,-Աժ արտահերթ նիստում այսօր «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Նրա խոսքերով՝ իրականում օրենքը միտված է նպաստների տեխնիկական խնդիրների կարգավորմանը, սակայն պետք է հասկանանք, թե ինչ ոլորտի վրա է դա ազդում:
«Օրենքի փոփոխությունները ընդունելու գլխավոր խնդիրն այն է, որպեսզի հասկանանք, թե ինչ գործողություններ ենք ձեռնարկում ժողովրդագրական ճգնաժամի դեմն առնելու և նպաստելու համար, որ իսկապես մենք կարողանանք այս փոփոխություններով նպաստենք ծնելիության բարձրացմանը»,- ասաց Թ.Պողոսյանը:
Նա միաժամանակ նշեց, չպետք է մոռանալ, որ ունենք աշխատող մայրեր, որոնք բարեկեցություն են ստեղծում և ուզում են երեխա ունենալ:
Ըստ պատգամավորի՝ մի կողմից դրական քայլ է, որ նպաստ են տալու չաշխատող մայրերին, մյուս կողմից էլ պետք է այնպես անել, որ աշխատող մայրերի մոտ հարցեր չլինեն. «Այսինքն՝ եթե այդ նպաստի հնարավորությունը կա, ապա ինչու պետք է ես ավելի չօգտվեմ»:
«Պարոն նախարար և Ձեզ, և պարոն Հակոբյանին կոչ եմ անում մինչև երկրորդ ընթերցումը ուսումնասիրել միջազգային պրակտիկան: Փորձը ցույց է տալիս, որ այդ երկրներում որևէ նպաստ ծնելիության բարձրացման համար չի եղել: Այսինքն՝ նույն մոտեցումը բոլորի հանդեպ կիրառելը ընդունելի չէ միջազգային պրակտիկայում: Որևէ նպաստ ծնելիության բարձրացման համար այնտեղ չի եղել: Այդ փորձը պետք է հուշի ճիշտ քայլեր անել: Չեմ ասում՝ չանենք, բայց այնպիսի փոփոխություններ պետք է անենք, որ մեկ տարի հետո եթե դրական արդյունքներ չեն լինում, ապա պատրաստ լինենք վերանայելու մոտեցումները: Չփորձենք աչքը դզելու տեղը ունքն էլ հետը ծռենք»,- ասաց պատգամավորը:
Թևան Պողոսյանն առաջարկեց օրենքը ընդունելուց հետո նախարարությունը մոնիթորինգ անցկացնի, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել այն ծնելիության բարձրացման համար. «Պետք է մաքրենք, պետք է աշխատենք, բայց դրա հետ միասին եկեք այնպես անենք, որ բացթողումներ չունենանք»: