Ձեր տեղակալներից մեկը ժամանակին տխրահռչակ բիոզուգարանների կնքահայրն էր. Նաիրա Զոհրաբյանը՝ Ջավադյանին (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստում այսօր Կենտրոնական բանկում աշխատակազմի փոփոխման վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանին հարցրեց, թե Հայաստանում պե՞տք է լինի պատասխանատվության ինստիտուտ՝ պաշտոնյայի կատարած գործողությունների համար:
«Ձեր տեղակալներից մեկը ժամանակին տխրահռչակ բիոզուգարանների կնքահայրն էր նախկին վարչապետի հետ միասին: Պետական բյուջեից, որոնք կարող էին օգտագործվել լուրջ սոցիալական ծրագրերի համար, երբ մենք այսօր քննարկում ենք, որ պետությունը չունի այդ մի քանի միլիոն դրամը, որպեսզի կարողանանք չաշխատող մայրերին ևս տալ երեխայի խնամքի նպաստ: Բայց մոտ կես միլիոն դոլար ծախսվեց էլիտար զուգարանների տեղադրելու և այնուհետ դրանք չօգտագործելու համար՝ ասելով, որ այն տեխնիկապես հնարավոր չէ օգտագործել։ Դրանից հետո նշյալ պաշտոնյան դարձավ Կենտրոնական բանկի փոխնախագահը: Ձեր կարծիքով՝ պատասխանատվության ինստիտուտն ի վերջո պետք է գործի՞, թե ոչ: Ո՞վ պետք է պետք է պատասխանատվություն կրի դրա համար»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ պատգամավորը նկատի ունի ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին, ով այդ ժամանակը ՀՀ էկոնոմիկայի նախարարն էր, իսկ ԿԲ նախագահի տեղակալ նշանակվել է 2010թ-ին:
ԿԲ նախագահ Ա.Ջավադյանն ասաց, որ իր տեղակալը առաջին հերթին բանիմաց, միջազգայնորեն ճանաչված տնտեսագետ է. «Վստահ եմ, որ ես էլ, ինքն էլ բոլոր գործողությունների համար կարող ենք պատասխան տալ: Եթե այդտեղ կա պատասխանատվության խնդիր, ապա պատրաստ եմ ինքս նույնիսկ այդ բեռը վերցնեմ ինձ վրա»:
Ն.Զոհրաբյանը արձագանքեց, որ ինքը որևէ մեկի տնտեսագիտական կարողությունները կասկածի տակ չի դնում, իր հարցն ընդամենը վերաբերում էր նրան, թե արյդոք մեր երկրում ի վերջո պետք է լինի պատասխանատվության ինստիտուտ, որպեսզի պաշտոնյան լրջագույն չարաշահման համար պատասխանատվություն կրի: