Նարինե Գրիգորյանի Հին կտակարանի հիման վրա ստեղծված ներկայացման առաջնախաղը՝ այսօր
Այսօր Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Հովնան» ներկայացման առաջնախաղը: Բեմադրությունն իրականացվել է հայ-շվեյցարական նախագծի շրջանակում և Ցյուրիխի արվեստների ակադեմիայի աջակցությամբ: Հին կտակարանի հիման վրա ստեղծված ներկայացման բեմադրությունը Նարինե Գրիգորյանինն է, նկարչական ձևավորումը` Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի, երաժշտությունը՝ «Դոգմա» հայկական էթնիկ-պրոգրեսիվ ռոք խմբի, դերասաններն են Անդրանիկ Միքայելյանը, Մանվել Սարգսյանը, Նարեկ Բաղդասարյանը, Արծրուն Չոբանյանը, Ստեփան Շահինյանը, Հռիփսիմե Շահինյանը:
Նախքան ներկայացման պրեմիերան, Նարինե Գրիգորյանը պատասխանեց Panorama.am-ի հարցերին:
-Ինչո՞ւ որոշեցիք Աստվածաշնչյան թեմայի հիման վրա ներկայացում բեմադրել:
-Աստվածաշունչը բոլոր ժամանակների գիրք է: Ուզում էինք դա ևս մեկ անգամ ցույց տալ: Ավելի շատ հարցը կդնեի՝ ինչո՞ւ Աստվածաշնչից հենց Հովնանի մարգարեությունը: Իրականում շատերը չգիտեն, որ այդ պատմությունը Աստվածաշնչից է: Հովնանն իր պահվածքով ամենաանսպասելի, պատասխանատվությունից փախչող մարգարն էր, ավելի մոտ մեզ նման մարդկանց, քանի որ մարգարեներն ավելի սուրբ էին: Ինձ թվաց, որ հանդիսատեսն ավելի շատ կզգա մտերմությունը հենց Հովհանի հետ: Աշխատանքում շատ է հումորը:
-Որքանո՞վ է ընտրված թեման արդիական:
-Արդեն մի քանի բեմադրություններ արել եմ, կարծում եմ, սա ամենաարդիականն է, ժամանակակից շնչով, քանի որ դերասանները երիտասարդ են, հնչում է ռոք երաժշտություն, ասելիքն էլ այսօրվա մարդկանց է վերաբերվում:
-Նարինե, ո՞րն է ներկայացման հիմնական ուղերձը:
-Մի քանի ուղերձ կա, հանդիսատեսից յուրաքանչյուրն իր փարձառությամբ իր ուղերձը կզգա: Ես չեմ սիրում միանշանակ որևէ ուղերձ ասել: Այս գործն անելու ընթացքում ինձ գրավեց այն, թե իսկապես Աստված ինչքան շատ է սիրում մարդուն, մենք էլ ինչքան պատասխանատու ենք իր սիրո առաջ, ինչքան պատասխանատու ենք սիրենք և գուցե իսկապես աշխարհը դառնա ավելի լավը: Իսկապես ամեն վայրկյան պատրաստ է ներել մեզ, ուղղակի պետք է մեզ թափ տանք:
-Որքա՞ն ժամանակում եք պատրաստել բեմադրությունը:
-Երկու ամսում, մինչ այդ եղել են նախապատրաստական աշխատանքներ: Այս ներկայացման մեծագույն առավելությունը նկարչի առկայությունն է՝ Վիկտորիա Ռիեդո, հոյակապ նկարիչ է, հոյակապ համագործակցություն էր: Իր դիպլոմային աշխատանք էր: Դերասանները Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողներն են, մագիստրատուրայի ուսանողները: Հիացած եմ իրենց աշխատանքով, նվիրվածությամբ: Երիտասարդ հոյակապ դերասանական սերունդ ունենք:
Ներկայացումն ընդգրկվել է Տիկնիկային թատրոնի խաղացանկ: