Իրանը Սաուդյան Արաբիայի իշխանություններից պահանջում է կենդանի վերադարձնել դեսպան Ռոքնաբադիին
«Իրանը Սաուդյան Արաբիայի իշխանություններից պահանջում է կենդանի վերադարձնել Լիբանանում Իրանի նախկին դեսպանին»,-այդ մասին իրանական «Թաբնաք.իր» կայքի հաղորդմամբ հայտարարել է ԻԻՀ ԱԳ փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Նշենք, որ սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքի մոտ գտնվող Մանա շրջանում ուխտագնացների հրմշտոցի հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին, որոնցից 464-ն իրանցի էին:
«ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Մեքքայում զոհված իրանցի ուխտագնացների թվում եղել են նաև նախկին ու ներկա բարձրաստիճան դիվանագետներ. Նշվում էր նաև Լիբանանում Իրանի նախկին դեսպան Ղազանֆար Ռոքնաբադիի անունը: Սակայն որոշ ժամանակ անց իրանական ԶԼՄ-ները սկսեցին հակասական տեղեկատվություններ հրապարակել, վարկածներից մեկն էլ այն էր, որ Ռոքնաբադին ոչ թե զոհվել է, այլ նրան առևանգել են:
Իրանի փոխարտգործնախարարը, անդրադառնալով վերոնշյալ տեղեկատվությանը, մասնավորապես նշել է. «Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ Լիբանանում Իրանի նախկին դեսպանը դեռ կենդանի է, և մենք Սաուդյան Արաբիայից պահանջում ենք, որպեսզի Ռոքնաբադիին կենդանի վերադարձնի»: