Մեծամտությունը սպանում է. ՀՀ վաստակավոր արտիստուհի
«Ավագ սերնդի մեր արվեստագետներն ունեին համեստություն, չունեին մեծամտություն: Իսկ այսօրվա երիտասարդներին, որոնց մեջ, իհարկե, կան շնորհալիներ, մի գիծ կա, որ խանգարում է նրանց առաջ գնալ՝ մեծամտությունը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Մարիամ Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք երիտասարդ արվեստագետների պոտենցիալը:
Նա ցավով նշեց, որ երիտասարդները նույնիսկ չեն ուզում լսել արդեն որոշակի դպրոց, փորձ ունեցող դերասաններին, ռեժիսորներին, ովքեր ուզում են օգնել նրանց:
«Թատրոնում տեսնում եմ մեկին, ով շնորհք ունի, ուզում եմ օգնել, մի բան ասել: Եթե տեսնում եմ, որ չի ընդունում կամ ուղղակի ցույց է տալիս, որ ընդունում է, իհարկե, երկրորդ անգամ որևէ բան չեմ ասի: Արդեն բեմում տեսնում եմ՝ ով է ընդունել, ով չի ընդունել, լսել է, չի լսել: Մեր երգիչների հիմնական խնդիրը, հատկապես մեր ժանրի, որը բավականին բարդ է, բոլորը չեն կարող դիմանալ, պետք է և երգել, և խոսել, և պարել, նկատում ես, որ ձայն ունեն, բայց հենց երգում են, չես հասկանում՝ ինչի մասին է երգը: Մեր ուսուցիչները չեն սովորեցնում, թե ինչպես պետք է արտասանել բառը: Մենք ուսուցիչների, դասախոսների պակաս ունենք»,- ասաց դերասանուհին:
Մ. Ղազարյանի խոսքով, երիտասարդները շատ ինքնագոհ են, որը նույնպես նրանց խանգարում է. «Պետք է կարողանալ ճիշտը տարբերել ստից: Իսկ դա կարող է լինել այն դեպքում, եթե մեջդ չկա մեծամտություն: Դերասանները պետք է կարողանան լսել, սովորել: Մեծամտությունը սպանում է, հեռուստատեսությամբ հինգ րոպե երևալու և հայտնի դառնալու հանգամանքը փչացրել է ամեն ինչ: Հեռուստատեսությամբ ոչ թե կոմեդիան է իշխում, այլ միայն խոխմա, անճաշակություն: Հեռուստատեսությամբ կոմեդիա չի մնացել»:
Նման պարագայում, դերասանուհու խոսքով, կարևոր է, որպեսզի թատրոնները գնան դպրոցներ:
«Շատ կարևոր է, որ երեխաները գոնե բեմից լսեն, տեսնեն ճիշտ արվեստը, հատկապես դասական ստեղծագործությունները»,- ընդգծեց վաստակավոր արտիստ Մարիամ Ղազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա