Առանց ծեծուջարդի ու հայհոյանքների. «Այո և ոչ» ռեալիթի շոուի թիմերը պատրաստ են
Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում հեռարձակվող «Այո և ոչ» ռեալիթի շոուի ընթացքում քաղաքական գործիչները հիմնավորելու են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հաղորդման հեղինակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Սա այն ձևաչափն է, որ մարդիկ կարող են մինչև վերջ պնդել իրենց գաղափարները, ավելին, տեղերում փորձել տարածել իրենց գաղափարները և ազգաբնակչությանը համոզել, մի մասն «այո», մյուս մասը `«ոչ», բայց միևնույն ժամանակ լինել նորմալ քաղաքական և մարդկային հարթության մեջ: Այսինքն՝ դա չլինի ծեծ ու ջարդ, չլինի վերջին հայհոյանքներ, չլինի անձնական թշնամանք»,-ներկայացնելով ռեալիթի շոուն, հայտարարեց Քոչարյանը:
Նշենք, որ ռեալիթի շոուն հեռարձակվելու է 12 ժամյա ռեժիմով «Յուքոմ» ցանցի «ԱրմՆյուզ» հեռուստաալիքով և «Ա1+»-ի կայքով: «Այո և ոչ» հեռուստանախագիծը, Արմնյուզի և Ա1+-ի համատեղ արտադրանքն է: Կազմվել է 2 խումբ, յուրաքանչյուրում ընդգրկվել են Սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ 4-ական մասնակիցներ: Մի խումբը լինելու է հյուսիսային մարզերում, մյուսը՝ հարավային հատվածներում: Հանդիպումներն ու քննարկումները հեռարձակվելու են ուղիղ եթերում՝ ժամը ամեն օր 11:00-23:00, նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 2-ը:
Քոչարյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ ձևավորվել են խմբերը, որոնցում աշխատելու են «այո»-ի ու «ոչ»-ի թիմերը: «Այո»-ի թիմը հանրապետության հյուսիսում ներկայացնելու են Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, Արթուր Եղիազարյանը, Միքայել Մելքումյանը, իսկ «ոչ»-ի թիմում լինելու են Պետրոս Մակեյանը, Վարդան Խաչատրյանը, Արմեն Մկրտչյանը, Նարեկ Այվազյանը: Հյուսիսում գտնվող թիմը սկսելու է հեռարձակումը Արագածոտնի մարզից՝ այնուհետև լինելու են Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում:
Ինչ վերաբերում է Հանրապետության հարավային հատվածին, ապա այստեղ պատկերն հետևյալն է` «այո»-ն կներկայացնեն Հրայր Թովմասյանը, Վարդան Այվազյանը, Կարինե Աճեմյանը, Արման Սաղաթելյանը, իսկ «ոչ»-ը՝ Հրանտ Բագրատյանը, Թամարա Գևորգյանը, Վաղինակ Շուշանյանը, Ազատ Արշակյանը:
Այսօր հարավի թիմը մեկնում է Մեղրի, որովհետև նկարահանումները սկսելու են Ագարակ քաղաքից՝ Սյունիքի մարզի քաղաքներում և գյուղերում լինելով գալու են դեպի Երևան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան