15 մլն դոլար՝ Հայաստանում ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի համար
ԱԺ արտահերթ նիստում ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի միջև կնքված շրջանակային համաձայնագրի վավերացման հարցը:
Փոխնախարարի խոսքերով՝ մինչ օրս Գլոբալ հիմանդրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում բժշկական հաստատություններին տրամադրվել են տուբերկուլյոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ դեղորայք, ախտորոշիչ և վարակի վերահսկման նյութեր, բժշկական պարագաներ, սարքավորումներ, իրականացվել են հիվանդների սոցիալական աջակցության ծրագրեր, բժշկական հաստատությունների վերանորոգման և կահավորման աշխատանքներ, ինչպես նաև անցկացվել են բժիշկների և բուժքույրերի վերապատրաստման ծրագրեր:
Վ.Պողոսյանը հայտնեց, որ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի իրականացումը Հայաստանում սկսվել է 2003թ-ին և մինչ օրս կնքած համաձայնագրերի գումարը կազմում է 52 մլն դոլար: 2007թ-ին այդ ծրագրերը իրականացվել են առողջապահության նախարարությունը և «Արևելք» ՀԿ-ն:
Նա նշեց, որ ֆինանսավորման նոր մոդելի շրջանակներում 2015-2018թթ. ժամանակահատվածում Հայաստանին հատկացման ենթակա նոր դրամաշնորհային ծրագրի գումարը կազմում է 15 միլիոն դոլար, որից 9,5 դոլարը՝ տուբերկուլյոզի ծրագրով, 5,5 միլիոնը՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրով: