Էվո Մորալես. ԳԴՀ-ն պատրաստ է աջակցել երկու օվկիանոսները կապող երկաթգծի շինարարությանը
Գերմանիան պատրաստ է աջակցել հարավային Ամերիկայում երկու օվկիանոսային ափերը իրար միացնող երկաթգծի շինարարությանը: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը:
Վերջինիս խոսքով, գալիք տարվա հունվարին այս կապակցությամբ Բոլիվիա կայցելի հատուկ գերմանական հանձնաժողով:
Ըստ Բոլիվիայի ղեկավարի` նոր երկաթգիծն իրար կկապի բրազիլական Սանթուս և պերուական Իլո նավահանգիստները:
Վերջինիս խոսքով` այս հարցում պաշտոնական Բեռլինի շահագրգռվածությունը հաստատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Մորալեսի խոսքով, նախագծի իրականացման շրջանակներում Գերմանիան պատրաստ է Բոլիվիայում հիմնել երկաթգծի վագոնների արտադրություն:
Նշենք, որ մինչ օրս այս նախագծի իրականացման հիմնական հավակնորդ էր համարվում Չինաստանը: Նախագծի արժեքն է 10-13 միլիարդ դոլար:
Բոլիվիայի համար դեպի ծով ելքը խիստ ցավոտ հարց է այն պատճառով, որ երկիրը 19-րդ դարում Չիլիի հետ պատերազմի արդյունքում կորցրել է դրա հնարավորությունը: