Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետության» 11 զինյալների
Թուրքիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողության շրջանակներում Ստամբուլում ձերբակալել է «Իսլամական պետության» 11 ենթադրյալ զինյալների: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, հղում անելով «Անադոլու» լրատվական գործակալությանը:
Գործակալության աղբյուրի տեղեկություններով` գործողությունն իրականացվել է Անթալիայում նոյեմբերի 15-ին և 16-ին կայանալիք «Մեծ քսանյակի» երկրների առաջնորդների գագաթնաժողովում անվտանգության ապահովման գործընթացի շրջանակներում:
Ձերբակալվածների շարքում կան 7 օտարեկրացիներ, որոնց քաղաքացիության մասին որևէ տեղեկատվություն չկա: Աղբյուրի փոխանցմամբ, գործողությունը շարունակվում է և ձերբակալվածների թիվը կարող է աճել:
Ուրբաթ օրը Թուրքիայի իրավապահ մարմինները նմանատիպ գործողություն իրականացրեցին Անթալիայում, որի արդյունքում ձերբակալվեց 20 մարդ: